Ղարաբաղում Հայաստանի նախագահը պարգևատրել է զինծառայողներին

Photo: www.president.am

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի հայկական բանակը` պարգևատրելով ապրիլի 2-5-ը ադրբեջանական զորքերի դեմ ռազմական դիմակայության ընթացքում աչքի ընկած մի քանի տասնյակ զինծառայողների:

«Դուք հերթական անգամ ցույց տվեցիք բոլորին, թե ով է հայ զինվորը… Երբ անհրաժեշտ է կռվել, դուք դառնում եք ամենակարգապահ, ամենահնարամիտ և ամենամարտունակ զինվորը»,- ասել է Սարգսյանը երեքշաբթի Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում պարգևատրման արարողության ժամանակ:

«Տարիներ առաջ ես ասել եմ, որ եթե մենք պարտադրված լինենք պատերազմել, ապա այսօրվա զինվորն ու սպան կռվելու են ոչ պակաս քաջ, քան իրենց հայրերը, իրենց պապերը, իրենց ավագ ընկերները: Դուք ապացուցեցիք, որ շատ ավելի մարտունակ եք, շատ ավելի քաջ եք, շատ ավելի տոկուն եք»:

Սարգսյանն ընդգծել է, որ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում «որևէ հայ զինվոր ու սպա չի լքել իր մարտական դիրքը, նվիրումով կռվել է մինչև վերջ»:

92 հայ զինծառայողներ ու կամավորականներ զոհվեցին Լեռնային Ղարաբաղում չորս օրերի ռազմական առճակատման ընթացքում, ավելի քան հարյուրը վիրավորվեցին: Մի շարք հայ քաղաքացիներ զոհվեցին Ադրբեջանի հրթիռակոծություններից կամ հատուկ նշանակության ջոկատայինների հարձակումների ընթացքում:

Նախագահ Սարգսյանը, դիմելով Լեռնային Ղարաբաղի զինվորներին, խոսել է նաև քառօրյա ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանցի զինվորների անմարդկային պահվածքի մասին:

«[Ադրբեջանում] Նրանք իրենց զինվորներին այլ բան են սովորեցնում, նրանք հպարտանում են, երբ իրենց զինվորները սպանված հակառակորդի, այսինքն` մեր զինվորների ու սպաների, ականջներն են կտրում, նրանք դա նորմալ են համարում, երբ իրենց հատուկ նշանակության ստորաբաժանումների անդամները, լեզուս չի պտտվում զինվոր ասելու, կտրում են 90 տարեկան սպանված ծեր մարդկանց ականջները: Այդպիսի զինվորը չի կարող նորմալ զինվոր համարվել, այդպիսի դաստիարակությունը լավ տեղ տանել չի կարող: Դա ահաբեկիչներին հատուկ գործելաոճ է, իսկ «ահաբեկիչ» բառի հիմքում կա նաև «ահաբեկել» բառը, այսինքն` նրանք ուզում են մեզ ահաբեկել, ուզում են մեզ վախեցնել, ինչը, բնական է, նրանց չի հաջողվի: Մենք մի բանից ենք միայն վախենում՝ ապրել պատվազուրկ և անազատ: Մենք դա չենք կարող անել»: