ԿԽՄԿ. Ղարաբաղում ռազմական գործողությունների հետևանքով բոլոր անհայտ կորածների ճակատագիրը պարզվել է

Ապրիլի 20-ին վերադարձվել է հայ զինծառայողի մարմինը` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո իրականացված գործողության ընթացքում:

Ըստ ԿԽՄԿ-ի` հանձնումը տեղի է ունեցել շփման գծի մոտ գտնվող Ադրբեջանի Աղդամի շրջանի Բաշ Քարվենդ գյուղի մոտ:

Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պարզել են փոխանցված զինծառայողի ինքնությունը` Արգիշտի Գաբոյանը, ով նախկինում համարվում էր անհայտ կորած:

«Մենք գնահատում ենք կողմերի ջանքերը, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ պարզել վերջին լարվածության հետևանքով անհայտ կորած հայտարարված բոլոր անձանց ճակատագրերը»,- ասել է ԿԽՄԿ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գործառնությունների տարածաշրջանային տնօրեն Պատրիկ Վիալը:

«Միևնույն ժամանակ, ավելի քան 4000 մարդ անհետ կորել է 1992-1994 թվականների հակամարտության ակտիվ փուլի ընթացքում, և նրանց ընտանիքներին դեռևս հայտնի չէ նրանց հետ կատարվածը: Մեզ համար առաջնային խնդիրներից է պատասխաններ տրամադրել բոլոր այս ընտանիքներին»,- հավելել է նա:

ԿԽՄԿ-ն ղարաբաղյան հակամարտության գոտում գործում է 1992 թվականից: 2016 թ. ապրիլի 2-ին իրավիճակի վատթարացման կապակցությամբ ԿԽՄԿ-ն առաջարկել է կողմերին իր ծառայությունները՝ հումանիտար կարիքները հասցեագրելու և որպես չեզոք միջնորդ հանդես գալու հարցում և օժանդակել է շփման գծի երկայնքով ռազմի դաշտում զոհված զինծառայողների մարմինների որոնողական և նրանց  աճյունների վերադարձման աշխատանքներին: