Ղարաբաղ. հայ զինվոր է զոհվել հրադադարի ռեժիմի վերջին խախտման հետևանքով

Photo: Photolure

Հայ զինվոր է զոհվել է ղարաբաղյան հակամարտության գոտում հինգշաբթի վաղ առավոտյան, որը պաշտպանության բանակը որակել է ադրբեջանական զինուժի ձեռնարկած «նախահարձակ գործողության» հետևանք:

Դեպքը, որի ընթացքում 32-ամյա Մարատ Դանիելյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել, ինչպես հաղորդվում է, տեղի է ունեցել ժամը 06.30-ին շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ:

Ինչպես տեղեկացնում են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ադրբեջանական կողմը, որը առաջնագծի երկայնքով մի քանի ուղղություններով օգտագործում է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետ և նռնականետ, շարունակում է իր սադրիչ գործողություններով ապակայունացնել իրավիճակը նաև կեսօրին:

Հայկական և ադրբեջանական կողմերը ապրիլի 5-ին, չորս օր տևած ծանր մարտերից հետո, որոնց ընթացքում երկու կողմերն էլ ունեցան մի քանի տասնյակ զոհեր և վիրավորներ, կրակի դադարեցման վերաբերյալ բանավոր պայմանավորվածություն ձեռք բերեցին:

Ղարաբաղում մահացու ելքով վերջին միջադեպը տեղի է ունենում Երևան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցի պայմաններում, որի նպատակը, ըստ երևույթին, կարգավորման նոր պլան ներկայացնելն է: Այս շաբաթ ավելի վաղ ռուսաստանյան լրատվամիջոցները ենթադրել են, որ խաղաղ կարգավորման առաջարկը կարող է ենթադրել հայկական կողմից որոշ տարածքային զիջումներ` Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի և ապագայում վերջնական կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու դիմաց, ինչպես նաև ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայում:

Եթե խաղաղ կարգավորման առաջարկն ընդունվի, այն, ամենայն հավանականությամբ, բողոքի ակցիաներ կհրահրի Հայաստանում, որտեղ տասնյակ ակտիվիստներ արդեն նախատեսում են Լավրովի այցի ժամանակ բողոքի ցույց անցկացնել ընդդեմ Ռուսաստանի` ոմանց կողմից ընկալվող ադրբեջանամետ դիրքորոշման:

Իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, արտաքին հարաբերությունների պատասխանատու Արմեն Աշոտյանը չորեքշաբթի «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, սակայն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հազիվ թե հանգուցալուծվի տեսանելի ապագայում:

«[Լեռնային Ղարաբաղում] Քառօրյա պատերազմը վերահաստատեց Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցությունը տարածաշրջանում… Փաստը մնում է փաստ, որ Մինսկի խումբը, հատկապես եռանախագահներից երկուսը՝ Ֆրանսիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները, երբևէ չեն համաձայնի խնդրի կարգավորման որևէ տարբերակի, որը կբխի բացառապես Ռուսաստանի տեսլականից»,- ասել է նա: