Ընդդիմություն. ոչ մի տարածքային զիջում, ոչ մի խաղաղապահ Ղարաբաղում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ակտիվացմանը զուգահեռ ակտիվացել են նաև այս հարցի վերջնական կարգավորման առաջարկները, որոնցում գերակշռում է հողերի մի մասը Ադրբեջանին հանձնելու թեզը, ինչը, իհարկե, հայկական կողմում բացառում են շատերը։

Հողերը վերադարձնելու մասին շատ է խոսում հատկապես ռուսական կողմը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ով ապրիլի 21-ին երկօրյա այցով կժամանի Երևան, դեռևս օրեր առաջ կողմերին կոչ էր արել բանակցությունների սեղանին վերադարձնել 2011-ին առաջարկված Կազանի փաստաթուղթը, որը նախատեսում է Ղարաբաղին կից շրջանները ազատելով, միաժամանակ Ղարաբաղի կարգավիճակը որոշելով` նաև տեղակայել ռուս խաղաղապահներ։

Այս օրերին ակտիվացել է նաև Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով առաջիններից արձագանքեց իրավիճակի սրմանն ու հանդիպեց գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ, առաջիկայում էլ նախատեսում է հանդիպել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։ Տեր-Պետրոսյանը, թեև մի կողմից ասոցացվում է առաջին Ղարաբաղյան պատերազմի հայկական կողմի հաղթանակի հետ, սակայն մյուս կողմից` շատերն են հիշում, որ հենց նա է առաջիններից եղել խաղաղության դիմաց հողեր վերադարձնելու թեզը պաշտպանողը։ Ուստի առաջին նախագահի ակտիվացումն այս ֆոնին ողջունվում, սակայն նաև վտանգավոր է համարվում։

«Լևոն Տեր-Պետրոսյանը, լինելով առաջին նախագահ, մարդ, ով 90-ականներից ներգրավված է եղել բոլոր գործընթացներում, տրամաբանական է, որ պիտի արձագանքեր։ Չգիտեմ, թե դա ինչպե՛ս կանդրադառնա ներքին քաղաքականության վրա, սակայն կարծում եմ, որ Տեր-Պետրոսյանի և իր կողմնակիցների կեցվածքը կարող է անդրադառնալ առաջիկա ընտրությունների վրա, քանի որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը դա, միանշանակ, դրական է ընկալել»,-«ԱրմենիաՆաուին» ասում է Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարևորելով թե՛ նախագահների, թե՛ ռազմական կառույցների ղեկավարների դերը, կարծում է, որ, այնուամենայնիվ, ժողովուրդն է մաքառում ու կրում զրկանքները։

«Մենք մեր հայրենիքն ազատագրել ենք արյամբ և որևէ մեկն այդ արյունը վաճառելու իրավունք չունի։ Մենք մեր հստակ դիրքորոշումն արտահայտել ենք բազմիցս, մենք դեմ ենք տարածքներ վերադարձնելու գաղափարին, դրանք արցախապատկան և հայկական հողեր են, և մենք ազատագրել ենք մեր հողերի ընդամենը մի մասը։ Մենք դեմ ենք նաև խաղաղապահ ուժերի տեղակայմանը, քանի որ հայ զինվորից ավելի լավ խաղաղապահ չի կարող լինել»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Մարտիրոսյանը։

Արցախի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը ևս բացառում է հողերի զիջումը։

«Կրկին հայտնվել են մարդիկ, ովքեր փորձում են խոսել տարածքային զիջումներով հարցը լուծելու օգտին: Խնդիրն այն է, որ տարածք զիջելով ոչ մի խնդիր էլ չի լուծվում, տարածք զիջելը ընդամենը թուլացնում է Արցախի դիրքերը և ֆիզիկական ոչնչացման առջև կանգնեցնում Արցախի բնակիչներին: Այնպես որ գլխներիցդ հանեք որևէ տարածք զիջելը, տարածք զիջելը որպես հակամարտության լուծում դիտարկելը հավասարազոր է Արցախը հայաթափելուն: Խնդրի լուծումը միայն նոր տարածքներ վերցնելն է: Միայն այդ կերպ է հնարավոր Ադրբեջանին պարտադրել հարցի լուծում: Հակառակ դեպքում կորուստներն անհամեմատ ավելի շատ են լինելու»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Խանումյանը: