Հայաստանի ԱԳՆ. Ադրբեջանի ագրեսիան միջազգային հանրության համար կասկածից վեր է

Photo: www.mfa.am

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը կարծիքով` Ադրբեջանը փորձում է վերջերս Լեռնային Ղարաբաղում իր կողմից սանձազերծված ռազմական գործողությունների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա, մինչդեռ միջազգային հանրության համար ակնհայտ, թե ով է իրականացրել լայնածավալ հարձակումը:

Հինգշաբթի տարածած հայտարարությամբ Հայաստանի արտգործնախարարությունը արձագանքել է Ադրբեջանում իր գործընկերոջ տարածած հայտարարությանը, այն որակելով «ցինիկ» և ասելով, որ «ակնհայտ փաստերը գլխիվայր շուռ տալով» նրանք փորձում են ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղում սանձազերծված ռազմական գործողությունների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա:

«Առաջին անգամ չէ, որ Բաքուն ապարդյուն փորձեր է կատարում՝ խեղաթյուրելու ակնհայտ իրականությունը։ Մեր միջազգային գործընկերները ևս շփումների ընթացքում փաստում են, որ, անկասկած, հենց Ադրբեջանն է իրականացրել լայնածավալ հարձակում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել և վիրավորվել, կատարվել են ռազմական հանցագործություններ»,- ասել է Հայաստանի արտգործնախարարությունը:

«Հայաստանը խստորեն դատապարտում է 1994 թ. մայիսին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև զինադադարի մասին անժամկետ եռակողմ համաձայնագիրը կասկածի տակ դնելու Ադրբեջանի ապարդյուն փորձերը, ինչը վտանգավոր քայլ է և սպառնում է առավել ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում։ Ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից ագրեսիվ ռազմական գործողությունների սանձազերծումը ոչ թե հանգեցնում է զինադադարի համաձայնագրի գործողության դադարեցմանը, այլ բերում է համաձայնագիրը խախտող կողմի պատասխանատվությանը։

Այս ամենը ցույց է տալիս, որ, չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցությունները շարունակելու միջազգային հանրության բոլոր կոչերին, Բաքվի իրական նպատակն է խափանել կարգավորման գործընթացը։ Սրա մասին է վկայում նաև այն փաստը, որ Ադրբեջանի արտգործնախարարության երկարաշունչ հայտարարության մեջ գեթ մեկ անգամ հղում չկա ոչ միայն Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարություններին, այլև ընդհանրապես բացակայում է որևէ հիշատակում միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ Մինսկի խմբի համանախագահության մասին»:

Ըստ Հայաստանի արտաքին գործերի նախարարության` Ադրբեջանը փորձում է բանակցությունները ներկայացնել որպես «միայն Բաքվին հետաքրքրող հարցերի քննարկման շուրջ մի ինչ-որ գործընթաց»։

«Ակնհայտ է, որ Բաքվին սթափեցնելու համար այլևս բավարար չեն կոչերն ու հորդորները, հարկավոր են հստակ քայլեր՝ Ադրբեջանին կարգի հրավիրելու և կառուցողական դաշտ բերելու նպատակով»,- եզրափակում է արտգործնախարարությունը: