Կառավարություն. վիրավոր զինծառայողները կարող են բուժվել արտասահմանում պետության հաշվին

Photo: www.mil.am

Ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ակտիվացման հետևանքները վերականգնելու համար մի շարք քայլեր են ձեռնարկվում, այդ թվում նաև որոշվել է, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանի կառավարությունը զինծառայողներին բուժման կուղարկի արտասահման:

Հինգշաբթի գործադիրը հերթական նիստում հաստատել է զինծառայողներին արտասահմանում բուժման ուղարկելու կարգը, որի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2015 թվականի հունիսի 18-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացում կատարելու մաuին ՀO-72-Ն Հայաuտանի Հանրապետության oրենքի համաձայն նախատեսվել է ՀՀ տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում զինծառայողի բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում զինծառայողի բուժումը օտարերկրյա պետությունում իրականացնելու հնարավորություն` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, որի կարգը և պայմանները սահմանում է ՀՀ Կառավարությունը։

Միջոցները հատկացվելու են այն զինծառայողներին, որոնք տուժել են առաջնագծում իրենց պարտականությունները կատարելիս: Ծախսերը ներառելու են հետազոտությունն ու բուժումը, նաև ճանապարհածախսն ու բնակության ծախսերը: Նշենք, որ քառօրյա պատերազմում ավելի քան 120-ը վիրավորվել են, որոնց մի մասը` ծանր:

«Առաջարկվել էր, որ պաշտպանության նախարարությունն իր ֆինանսական միջոցների հաշվին իրականացներ այդ ծախսերը, բայց այս որոշմամբ հանրապետությունից դուրս բուժման անհրաժեշտություն ունեցող բոլոր զինծառայողների բուժման ծախսերը կառավարությունը  վերցնում է իր վրա»,- ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն էլ կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է, որ ամեն դեպքն առանձին են դիտարկելու։
«Եթե լրացուցիչ բուժման անհրաժեշտություն առաջանա, որն անհնար է իրականացնել Հայաստանում, կդիտարկվի արտասահմանում կազմակերպելու հնարավորությունը:

Հանգամանքներից կախված` կընտրվեն համապատասխան կլինիկաները»,- ասել է Մուրադյանը:

Բացի այդ, մայիսի վերջին ՀՀ Կառավարությունը կներկայացնի զոհված զինծառայողների ընտանիքներին եկամուտներով ապահովելու մեխանիզմը:

Կառավարության նիստից հետո էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ասել է, որ նախատեսված է զոհվածների ընտանիքներին ներառել փոքր ու միջին բիզնեսում, օգնել նրանց գյուղատնտեսական տեխնիկայով կամ այլ միջոցներով:

«Մեխանիզմները տարբեր են, բայց բոլորն էլ անհրաժեշտ ֆինանսական ապահովում կունենան: Մենք կօգտագործենք նաև ամբողջ աշխարհի հայերի փոխանցումները, չնայած ոչ մեկին չենք խնդրի, որ շարունակեն գումարներ փոխանցել: Անհրաժեշտ գումարները կան»,- հավելել է Մինասյանը:

Ի դեպ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-18-ն ընկած ժամանակահատվածում փոխանցումները կազմել են, ընդհանուր առմամբ, 3 միլիարդ 140 միլիոն 474 հազար 363 դրամ (մոտ 6 միլիոն 542 հազար 655 դոլար):

Հիշեցնենք, որ ողջ գումարն ուղղվելու է պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը:

Այս համատեքստում, Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցությունը ևս օրերս դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ առաջարկելով բնակարաններ հատկացնել ապրիլի սկզբին ղարաբաղյան շփման գծում մարտական գործողությունների ժամանակ զոհված երկու զինծառայողների ընտանիքներին:

«Փետրվարյան նիստում հաստատվել է Երևանի սեփականություն հանդիսացող գույքի ցանկը, որտեղ առկա է մոտ 440 բնակարան։ Վստահ եմ, որ Դուք ևս մտահոգ եք լուծել այս ընտանիքների բնակարանների խնդիրը, ավելին՝ պարտավորված եք Ձեզ զգում: Առաջարկում ենք Երևանի ավագանու մոտակա նիստում ներկայացնել այս ընտանիքներին բնակարան հատկացնելու մասին համապատասխան նախագիծ, որը Ձեր իրավասությունն է»,- նշված է խմբակցության հայտարարության մեջ։