Հոնոլուլուն ճանաչել է ԼՂՀ անկախությունը

ԱՄՆ Հավայիի նահանգի Հոնոլուլու շրջանի և քաղաքի Խորհուրդը ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև:

Բանաձևը, մասնավորապես, սատարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «շարունակական ջանքերին՝ երաշխավորելու իր քաղաքացիների այն իրավունքները, որոնք բնորոշ են ազատ և անկախ հասարակությանը», և կոչ է անում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին «սատարել միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության հարցերի արդար և երկարատև լուծմանը»:

Անցյալ ամիս Հավային դարձավ ԼՂՀ անկախությունը ճանաչած ԱՄՆ-ի յոթերորդ նահանգը, երբ նրա օրենսդիր մարմինն ընդունեց համապատասխան բանաձև:

Շուրջ հարյուր հայ զինծառայողներ և խաղաղ բնակիչներ են զոհվել ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման հետևանքով: Ապրիլի 5-ին Ռուսաստանի միջնորդությամբ կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածության ձեռքբերումը վերջ տվեց ակտիվ ռազմական գործողություններին, սակայն մինչ օրս Ադրբեջանի հետ միջսահմանային բախումների հետևանքով դարձյալ զոհեր են լինում: