Ռուսաստան. 1994-1995 զինադադարի համաձայնագրերը պետք է անշեղորեն պահպանվեն

Photo: Photolure

Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտությունը չունի և չի կարող ունենալ ռազմական լուծում և կարող է լուծվել միայն քաղաքական, դիվանագիտական ճանապարհով` ուրբաթ Երևան կատարած այցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Այս փուլում մենք բացարձակ առաջնահերթություն ենք համարում 1994 թ. և 1995 թ. ընդունված զինադադարի համաձայնագրերի լիակատար և խիստ իրականացման ապահովումը, պայմանագրեր, որոնք կրում են անժամկետ բնույթ և որպես այդպիսին պետք է պահպանվեն բոլոր կողմերի կողմից»,- ասել է ռուս առաջատար դիվանագետը իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսում:

Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող անդամ` պետք է ամեն ինչ անի նպաստելու հրադադարի ռեժիմի լիակատար պահպանմանը ղարաբաղյան հակամարտության գոտում, որտեղ այս ամսվա սկզբին տեղի է ունեցել 1994 թ.-ից ի վեր լարվածության աննախադեպ աճ:

Մի քանի տասնյակ զինծառայողներ, ինչպես նաև քաղաքացիական անձինք են զոհվել և վիրավորվել ապրիլի 2-ին բռնկված ռազմական գործողությունների ընթացքում, որոնք շարունակվեցին մինչև ապրիլի 5-ին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցման շուրջ բանավոր պայմանավորվածության ձեռքբերումը:

Բաքվում և Երևանում Լավրովը և այլ պաշտոնատար անձանց դիվանագիտական ջանքերը ներառում էին դեռ 2011-ին Ռուսաստանի առաջարկած Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման պլանը, որը սակայն մերժվել էր Ադրբեջանի կողմից: Առաջարկի տարրերից մեկը ռուսական կամ Ռուսաստանի գլխավորած խաղաղապահ ուժերի տեղակայումն է տարածաշրջանում: Որոշ ռուսաստանյան լրատվամիջոցների և հայաստանցի փորձագետների կարծիքով` Հայաստանի ղեկավարության հետ բանակցություններում Լավրովը կենտրոնանում էր այս պլանի վրա: Մինչդեռ մի շարք քաղաքական և քաղաքացիական ուժեր հինգշաբթի նույնիսկ բողոքի ակցիա են անցկացրել` իրենց կարծիքով «հակահայկական» առաջարկի դեմ, որը պետք է ներառի տարածքային զիջումներ` Լեռնային Ղարաբաղի հետաձգված կարգավիճակի դիմաց: Լավրովը, սակայն, իր հայ գործընկերոջ հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսում չի անդրադարձել որպես Կազանի փաստաթուղթ հայտնի պլանում ընդգրկված առաջարկներին:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը միայն ասել է. «Այս փուլում, բացի զինադադարի համաձայնագրի լիակատար իրականացումից, կարևոր են անվտանգության միջոցների իրականացումը և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը, որոնք համաձայնացվել էին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից` ՌԴ միջնորդությամբ 2011 թվականին, որի կյանքի կոչման համար աշխատում էր ԵԱՀԿ-ն»:

«Ես կարծում եմ, որ այդ որոշումների իրականացման հետագա ձգձգումը անթույլատրելի է», – ասել է Լավրովը:

Մամուլի ասուլիսի ժամանակ իր խոսքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Լավրովի հետ իր բանակցությունները կենտրոնացված էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին լարվածության վրա: Նա նաև ընդգծել է, որ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում ռազմական լուծում չունի, և կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը: