Վաշինգտոն. ԵԱՀԿ-ն առաջ գնալու լավագույն ուղին է

Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում` հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին հինգշաբթի Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ընթացքում:

«Մենք շարունակում ենք հավատալ, որ դա է առաջ գնալու լավագույն ուղին։ Եվ, ինչպես դուք գիտեք, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքն իր ռուս և ֆրանսիացի գործընկերների հետ այցելել է տարածաշրջան՝ ցույց տալով, որ մենք ցանկանում ենք, որ կողմերն անհապաղ վերադառնան բանակցությունների և կարգավորման գործընթացին»,- ասել է Քիրբին` ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական կայքի մեջբերմամբ:

«Եվ մենք կրկին հավատարիմ ենք մնում ԵԱՀԿ-ի միջոցով կողմերի հետ տևական խաղաղության հասնելու ուղղությամբ աշխատելու հանձնառությանը»,- հավելել է նա:

Պաշտոնական ԱՄՆ-ի այս դիտողությունները արվել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարելիք այցի ֆոնին, որը ըստ երևույթին կողմնորոշված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարությունը կոչ էր արել վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները Լեռնային Ղարաբաղի շուրջ:

Այն նաև հաղորդել էր, որ 1994-1995 թթ. կնքված զինադադարի համաձայնագրերը հակամարտության գոտում հրադադարի գործընթացի հիմքն են:

Ապրիլի 5-ին չորս օր տևած ծանր մարտերից հետո, որոնց ընթացքում երկու կողմերից մի քանի տասնյակ զոհեր և վիրավորներ եղան, հայ և ադրբեջանցի զինվորականները կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածություն ձեռք բերեցին: