Ղարաբաղ. բարձրաստիճան հայ սպաների զոհված կամ ծանր վիրավոր լինելու մասին Բաքվի լուրերը «քարոզչական հնարք» են

Լեռնային Ղարաբաղը հերքում է հայկական կողմի բարձրաստիճան զինվորականների զոհված կամ ծանր վիրավոր լինելու մասին ադրբեջանական լուրերն ու կարծում, որ նման հայտարարություններն ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական հնարքներից են՝ սեփական բանակի ձախողումները կոծկելու համար։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քառօրյա պատերազմի օրերին ադրբեջանցիները ստահոդ լուրեր տարածեցին Թալիշ և Մատաղիս գյուղերի «ազատագրման» մասին, մինչդեռ այդ գյուղերում աշխատելու հնարավորություն ունեցած բազմաթիվ հայ և օտարերկրացի լրագրողները ոչ միայն անձամբ առնչվեցին ադրբեջանական ստին, այլև ամբողջ աշխարհին ցույց տվեցին հակառակորդի իրական դեմքը:

Բացի այդ, ըստ ՊԲ-ի՝ ադրբեջանական քարոզչամեքենայի մյուս հնարքը հանրությանը քաջ հայտնի բարձրաստիճան հայ զինվորականներին սպանված կամ ծանր վիրավորված հայտարարելն է:

«Ադրբեջանական կողմը դեռևս մինչև ապրիլյան պատերազմը հասցրել էր  «սպանել» գնդապետ Ջալալ Հարությունյանին, քառօրյա պատերազմի ընթացքում նրան «միացան» նաև գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներ, սակայն «սպանվելու» հաջորդ օրն ուղիղ եթերում տրված նրանց հարցազրույցները միանգամայն բավարար էին ադրբեջանական քարոզչամեքենայի կոպիտ, բացահայտ ստի վրա հիմնված աշխատաոճը բացահայտելու համար»,- ասվում է ՊԲ հաղորդագրության մեջ:

Ապրիլի 23-ին էլ ադրբեջանցիները ծանր վիրավոր հայտարարեցին նաև գնդապետ Արարատ Մելքումյանին, ով ըստ ՊԲ-ի՝այս պահին էլ բարեխղճորեն կատարում է իր ծառայողական պարտականությունները:

«Հետաքրքիր է, որ նույն օրը ադրբեջանական բանակն իր իսկ նախաձեռնած սադրանքների արդյունքում ցավագին հարվածներ է ստացել:

Ըստ երևույթին ստացած հարվածների ցավը մեղմելու համար ապրիլի 23-ին իբր թե խփված հայկական տանկի մասին հաղորդագրությունը բավարար չեն համարել և որոշել են շահարկել նաև գնդապետ Մելքումյանի անունը»,- նշվում է ՊԲ հաղորդագրության մեջ:

ՊԲ-ն տեղեկացնում է նաև, որ ապրիլի 23-ի և 24-ի ադրբեջանական հաղորդագրություններում իրականության հետ միակ առնչությունն այն է, որ ապրիլի 23-ին ադրբեջանական բանակը իրոք փորձել է խոցել ՊԲ պաշտպանության խորքում գտնվող զրահատեխնիկան, սակայն անգամ գերճշգրիտ SPIKE MR/LR հակատանկային կառավարվող հրթիռային համալիր կիրառելով՝ հաջողացրել են վրիպել ավելի քան 100 մետր: