
Դժվար է ներս մտնել ու ասել` ցավակցում եմ: Անհնար է նայել օտար մարդկանց աչքերի մեջ ու ասել՝ ձեր կորուստն ու ցավը նաև մերն է: Մի քանի վարկյան ևս, ու հանդիպում ես սևազգեստ կնոջ հայացքին, գրկում նրան, փորձում մեղմել նրա դեռ թաց վիշտը, ու նրա հետ միասին փուլ ես գալիս:
«Վերջին անգամ, որ եկավ, մի 10 հազարանոց գցեց ծոցս, թե բա` մամ ջան, գնա, քեզ մի բան առ, ես էս մի քանի օրը կարող ա չկարենամ իջնել: Ասում էի՝ Նվեր ջան, մատաղ լինեմ քեզ, զգուշ կմնաս, գյուղում ասում են` վերևներում վիճակը խառն է, ասում էր. «Վախիլ մի, լոխ լավ ա: Մամ ջան, ով քեզ ասել ա, որ դրությունը սահմանին լավ չի՝ խաբել ա»: Այ ըտենց տղա է էլել իմ բալեն, մեզ մի անգամը չասեց, որ վատ ա…»,- քառօրյա պատերազմի օրերին հերոսի մահով զոհված ավագ որդու մասին է պատմում է 47-ամյա Շուշանիկ Սիմոնյանը:
25-ամյա Նվեր Սիմոնյանը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի N զորամասի հատուկ նշանակության վաշտի 1-ին խմբի 1-ին ջոկի հրամանատարն էր, հետախույզ գնդացրորդ-դիպուկահար:
Ապրիլի 4-ին Նվերը հերոսանալու էր` կյանքի գնով անառիկ պահելով երկրի պետական սահմանը, նետվելով գիտակցված մահվան գիրկը: Վաղ առավոտյան հակառակորդի գրաված դիրքերում գտնվող զրահատեխնիկան անհրաժեշտ էր ոչնչացնել: Նվերը նետվելով առաջ` ոչնչացնում է հակառակորդի երկու տանկ: Նրան ասում են, որ թշնամին ֆիքսել է իր գտնվելու վայրը, սակայն Նվերը չի նահանջում, փորձում է խոցել երրորդ տանկը, սակայն, ավաղ, ականանետի պայթյունից ստանում է բեկորային վնասվածք գլխի և որովայնի շրջանում:
«Ասել ա՝ էդ էլ պիտի խփեմ, չթողեմ անց կենան, բայց հենց էդ պահին հարված է ստանում… ախպոր՝ Ազատիս գրկի մեջ է մեռնում Նվերս, ասելու բան չի… Ես անընդհատ Ազատի մասին էի մտածում, համոզված էի, որ Նվերիս բան չի կարող պատահել, որ նա դեռ մի բան էլ տիրություն կանի Ազատին… ես քեզ մատաղ լինեմ, Նվեր ջան, բայց Նվերս մատաղ եղավ իր հող ու ջրին»,- արցունքներից խեղդվելով պատմում է մայրը:
Photos by Nazik Armenakyan/Armenianow.com
Սիմոնյանները ապրում են Լեռնային Ղարաբաղի հարավարևելյան Հադրութի շրջանի Թաղասեր գյուղում` Ստեփանակերտից 74 կմ հեռու: Ընտանիքի հայրը՝ Սարո Սիմոնյանը, Արցախյան ազատամարտի մասնակից է, երկրորդ խմբի հաշմանդամ, պատերազմի ընթացքում կորցրել է մեկ աչքը: Նվերն ու Ազատը, հետևելով հոր օրինակին, անդամագրվում են հայրենիքի պաշտպանությանը, անցնելով պայմանագրային ծառայության:
Սենյակի մի անկյունում գլխիկոր նստած է Ազատը: Չի խոսում, չի նայում, մտքերով ու հոգով եղբոր հետ է, ում կորցրել է աչքի առաջ, գրկում սեղմած, անզորությունից հուսահատված: Ազատը փախցնում է հայացքը, սակայն աչքերում կուտակված վրեժը անթաքույց է:
Զինվորական գործին է անդամագրվել նաև երրորդ եղբայրը՝ Տեր Դրաստամատ Սիմոնյանը, սակայն մայրն ասում է, որ թույլ չի տալու, կորստի ու վախի ցավը սրտում է:
«Ես էլ ասում եմ լոխ քեցեք՝ ինձ էլ սպանեցեք, հինչ անեմ՝ նվիրված են իրենց հող ու ջրին: Ավելի լավ էր` ես մեռած լինեի, քան թե էս ամենը տեսնեի»,- ասում է վեց երեխաների մայրը:
Սիմոնյանների չորրորդ որդին՝ Դավիթը, ականի, որ երեք տարի առաջ գտել էր դպրոցի ճանապարհին, պայթյունից կորցրել է ձախ ձեռքի երեք մատները: Նրանց միակ քույրը 10-ամյա Ալինան է, ամենափոքր տղան 4-ամյա Գոռն է, ով անհամբեր սպասում է ավագ եղբոր՝ Նվերի տուն դարձին:
«Տուն չունեինք, գյուղի վարչակազմը ասաց, որ վեցերորդին էլ բերեմ, տուն կտան: Ունեցանք Գոռին, ու մեզ տվեցին էս խարխուլ տունը: Լավ ա` էս երեխեքն էլ կան, թե չէ կխելագարվեմ»,-ասում է Սիմոնյանը:
Ալյոնան սուրճ է հյուրասիրում, հետո ցույց տալիս մարտի ութին Նվերի տված զարդերը: Սակայն նրա համար ամենաթանկը Նվերի պատվոգրերն են: Ավագ եղբայրը ծառայության ընթացքում պարգևատրվել է «Քաջարի մարտիկ», «Հայոց բանակի գերազանցիկ», «ՀՀ ԶՈՒ լավագույն զինվոր մարզիկ» կրծքանշաններով, իսկ ԼՂՀ նախագահի 2015 թ. հրամանագրով` «Մարտական ծառայություն» մեդալով:
ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ նախագահի հրամանագրով ԼՂՀ ՊԲ հետախույզ դիպուկահար, ավագ սերժանտ (պայմանագրային) Նվեր Սարոյի Սիմոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Արդեն քանի օր է` Սիմոնյաններն ապրում են առանց Նվերի, սակայն հերոս որդու ներկայությունը ամենուր է, լուսանկարից տարածվող նրա ժպիտի ջերմությունը ուժ ու համբերություն է տալիս հարազատներին:
«Իմ հպարտ ու խիզախ բալեն օգոստոսի 15-ին դառնալու էր 26 տարեկան, դեռ նոր էր նշանվել…»- հրաժեշտին, սրբելով արցունքները, ասում է մայրը: