Հայաստանը դատապարտել է 1994 թ. զինադադարի համաձայնագիրը չեղարկելու Ադրբեջանի քայլը

Photo: www.mfa.am

Հայաստանը խստորեն դատապարտել է Ադրբեջանի քայլը` միակողմանիորեն չեղարկելու 1994 թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրված զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագիրը, որը մինչև Լեռնային Ղարաբաղում ապրիլի սկզբին քառօրյա ռազմական գործողությունների սկիզբը հիմնականում պահպանվում էր: Նա Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և Անվտանգության խորհրդում ապրիլի 25-ին տարածված նամակը որակել է «սադրիչ»:

Ապրիլի սկզբին հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման շուրջ բանավոր պայմանավորվածության ձեռքբերումից հետո հայկական կողմը կարծում է, որ անհրաժեշտ է վերադառնալ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև 1994-95 թթ. կնքված անժամկետ զինադադարի պայմանագրերին: Այս դիրքորոշումը վերահաստատել էր նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 22-ին Երևան կատարած իր այցի ժամանակ:

Հայաստանի կարծիքով` 2016 թ. ապրիլի 14-ի նամակով Ադրբեջանը «կոպտորեն ոտնահարում է ինչպես 1994 թ. մայիսի զինադադարի, այնպես էլ հարցականի տակ դնում 1994 թ. հուլիսի զինադադարի վերահաստատման և 1995 թ. փետրվարի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերը»:

Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ընգծվում է, որ 1994 թ. հուլիսի պայմանագիրը պահանջում էր Ադրբեջանից «պահպանել զինադադարի ռեժիմը մինչև մեծ քաղաքական պայմանագրի կնքումը»։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները արդեն հայտնել են այս կապակցությամբ իրենց տեսակետը Ադրբեջանին, այդ թվում ԵԱՀԿ շրջանակներում, մասնավորապես նշելով, որ 1994 թ. և 1995 թ. անժամկետ համաձայնագրերը, ինչպես և նախկինում, հիմք են հանդիսանում հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման համար:

Համանախագահները կոչ են արել անշեղորեն պահպանել վերոհիշյալ համաձայնագրերը և թույլ չտալ դրանց խախտումը: Արհամարհելով այդ կոչը՝ Ադրբեջանը գնաց այս սադրիչ քայլին»,- ասել է Հայաստանի արտգործնախարարությունն իր հայտարարության մեջ:

«Անհրաժեշտ է ընդգծել, որ ս.թ. ապրիլի 5-ին Մոսկվայում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը, որին հղում է կատարվում ադրբեջանական նամակում, ուղղված էր հենց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիվ գործողությունների դադարեցմանը և, ինչպես նշել են համանախագահները, զինադադարի ռեժիմի վերականգնմանը:

Ակնհայտ է, որ նշված բանավոր պայմանավորվածությունը չի կարող փոխարինել 1994 թ. մայիսի 12-ի զինադադարի մասին համաձայնագիրը:

1994-1995 թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերը տարիներ շարունակ հիմք են հանդիսացել փխրուն զինադադարի պահպանման համար։ Այդ համաձայնագրերը վնասող ցանկացած քայլ լուրջ հարված է հասցնում խաղաղ գործընթացին, միջնորդների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին, խաթարում է տարածաշրջանային անվտանգությունը:

Հայաստանը կոչ է անում համանախագահ երկրներին, միջազգային հանրությանը անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պարտավորեցնելու Ադրբեջանին խստորեն հետևել 1994 թ. մայիսի զինադադարի համաձայնագրին և կատարել իր միջազգային հանձնառությունները՝ զերծ մնալու ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից:

Հաշվի առնելով Ադրբեջանի այս անպատասխանատու քայլից բխող հնարավոր վտանգավոր հետևանքները` ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ Հայաստանը, հանդիսանալով զինադադարի հաստատման և դրա ամրապնդման մասին 1994-1995 թթ. գործող համաձայնագրերը ստորագրած կողմ, ձեռնարկելու է բոլոր հնարավոր ջանքերը և իրակացնելու է անհրաժեշտ քայլերն Լեռնային Ղարաբաղի և նրա բնակչության անվտանգության ապահովման համար»։