
Երկու հայ զինծառայողներ են զոհվել Լեռնային Ղարաբաղում այս գիշեր, երբ ադրբեջանական ուժերը, ըստ հաղորդումների, շարունակել են խախտել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը:
Ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության` զոհվել են Տիգրան Պողոսյանը (ծնված 1992 թ.) և Արամ Առուշանյանը (ծնված 1972 թ.):
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ապրիլի 25-ին և լույս 26-ի գիշերը
ադրբեջանական զինված ուժերն օգտագործել են իրենց զինանոցում գտնվող գրեթե բոլոր տիպի հրետանային միջոցները և զրահատեխնիկա, մասնավորապես` ականանետներ, նռնականետներ, զենիթային կայանքներ, ռեակտիվ հրթիռային կայանքներ և տանկ:
Ադրբեջանական կողմը, բացի մարտական հենակետերից, ՄՄ-21 (Գրադ) կայանքից արկակոծման է ենթարկել Մարտակերտ բնակավայրը (14 արկ): Հրետանային կրակ է վարվել նաև Ղարաբաղի հյուսիսում գտնվող Մատաղիս գյուղի ուղղությամբ (8 արկ):
«Հակառակորդի ագրեսիվ գործողությունները չեզոքացնելու նպատակով ղարաբաղյան բանակը դիմել է կանխարգելիչ քայլերի և թիրախային հարվածներ հասցրել նրա առաջնային դիրքերին ու կրակային հենակետերին` պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի նշանակալի կորուստներ»,- ասել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը: