Հրադադարի պայմանավորվածությունը կարող է բավարար չլինել` կանխելու նոր բախումները Ղարաբաղում

Photo: Nazik Armenakyan

Հարաբերական խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում ամեն վայրկյան կարող է փոխարինվել լայնամասշտաբ պատերազմով` չնայած հակամարտությունը միայն խաղաղ կարգավորման ճանապարհով լուծելու միջնորդ երկրների ներկայացուցիչների հորդորներին:

Ապրիլյան քառօրյա պատերազմական գործողություններից հետո Ռուսաստանի միջնորդությամբ կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը կարող է բավարար չլինել կանխելու համար «ավելի մեծ մասշտաբներով» բախումները` Բլումբերգ միջազգային մեդիա ընկերությանը շաբաթ` ապրիլի 23-ին, տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ երկուշաբթի` ապրիլի 25-ին, «շատ փխրուն» է գնահատել նաև Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը` հաղորդել է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:

Ապրիլի 25-ին ղարաբաղյան հակամարտությանն են անդրադարձել նաև Ֆրանսիան ու ԱՄՆ-ն: Պաշտոնական այցով Երևանում գտնվող Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը առաջարկել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղակայել ԵԱՀԿ դիտորդներ և հսկման սարքեր:

«Մոտեցումը հետևյալն է՝ հրադադարը անպայման պետք է պահպանվի, և, բնականաբար, պետք են մեխանիզմներ, որոնք թույլ կտան հսկել հրադադարի պահպանումը: Այդ մեխանիզմները պետք է հիմնվեն միջազգային հանրության հովանու ներքո, այդ դերը կարող է ստանձնել ԵԱՀԿ-ն»,- ըստ «Ազատություն» ռադիոկայանի ասել է Դեզիրը:

«Վերահսկողությունը պետք է իրականացվի թե՛ տեխնիկական միջոցներով, թե՛ մարդկանց օգնությամբ, որոնք թույլ կտան յուրաքանչյուր վայրկյան ստուգելու հրադադարի պահպանման ռեժիմը: Յուրաքանչյուր անգամ, երբ կգրանցվի հրադադարի խախտման որևիցե դեպք, դա թույլ կտա ստանալ անկողմնակալ տեղեկատվություն»,- հավելել է ֆրանսիացի պաշտոնյան` ընդգծելով, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, միակ տարբերակը բանակցություններին վերադառնալն է:

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հեռախոսազրույցում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին նույնպես ընդգծել է, որ հիմնախնդրի խաղաղ լուծումն այլընտրանք չունի:

Ու թեպետ զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարությունը` նկատի առնելով այն հարցի կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափ, նախագահ Սարգսյանը միաժամանակ ընդգծել է, որ Բաքվի անպատասխանատու քայլերը մեծ վնաս են հասցրել բանակցային գործընթացին:

Սարգսյանի կարծիքով` «անիմաստ է» վերադառնալ Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների՝ առանց անվտանգության երաշխիքների, քանի որ «իրավիճակն այսօր բոլորովին այլ է»` հաղորդել է Բլումբերգը:

«Հակառակ պարագայում անիմաստ են բանակցությունները, մենք բանակցություններ սկսենք այնտեղ, իսկ զինվորականներն այստեղ` պատերազմ»,- ասել է Հայաստանի նախագահը:

Մինչ այդ երկուշաբթի` ապրիլի 25-ին, Ազգային ժողովում պատգամավորները ապրիլյան քառօրյա պատերազմի քննարկում են պահանջել: Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կոչ է արել խորհրդարան հրավիրել պաշտպանության նախարարին, զինված ուժերի գլխավոր շտաբի պետին` քննարկելու համար պաշտպանությանը հատկացվող գումարների արդյունավետության հարցը:

«Մեր զինվորը իրիկունը 8-ից հետո չի տեսնում, չունի գիշերային սարք: Մենք լուրջ խնդիրներ ունենք պաշտպանության նախարարության ղեկավարման որակի հետ, երբ շքեղ ավտոմեքենաները` ջիփերը, տասնյակներով դրվում են մարդկանց տակ և հանկարծ հասարակ կապ չկա»,- ասել է Բագրատյանը:

Զարուհի Փոստանջյանի կարծիքով` քննարկումներին պետք է մասնակցեն թե՛ Հայաստանի, թե՛ Ղարաբաղի գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները. «Հիմա նոր իրողություններ են` նախկինում տեղի ունեցած բանակցային գործընթացից մենք դուրս եկած վիճակում ենք: Պետք է նաև քննարկենք, թե ապագա պատերազմը ինչպես ենք կանխելու և ինչպես ենք պատրաստվելու դրան»: