
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեին Դեհղանը քննարկել են վերջին օրերին իրավիճակի լարվածությունը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում:
Հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 27-ին Մոսկվայում անցկացվող անվտանգության հարցերով ամենամյա միջազգային համաժողովի շրջանակներում:
Կողմերը մտահոգություն են հայտնել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ և կարևորել լարվածության թուլացման ու փոխվստահության մթնոլորտի հաստատման անհրաժեշտությունը:
Ի հավելումն դրա` երկուստեք նշվել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի արդյունքները ևս մեկ անգամ ապացուցեցին արցախյան հակամարտության ռազմական լուծման անհնարինությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության առկա վիճակին ու հետագա զարգացման հեռանկարներին առնչվող հարցերին:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ից ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում ռազմական գործողությունների ակտիվացումից անմիջապես հետո Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջաֆադ Զարիֆը կոչ էր արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին հակամարտությունը լուծել խաղաղ բանակցային ճանապարհով:
Հայաստանյան իր գործընկերոջ հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում վերջինս ընդգծել էր կրակի դադարեցման և հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու կարևորությունը, որը կվերադարձնի տարածաշրջանի հանդարտությունը։
Իրանի Հանրապետությունը նաև բազմիցս պաշտոնապես հայտարարել է միջնորդության պատրաստակամության մասին` հակամարտության լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում բանակցությունների միջոցով տեսնելով: