
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ասել է, որ ապրիլի սկզբին Ադրբեջանի հետ քառօրյա պատերազմի արդյունքը ցույց է տալիս, որ «մեր ունեցած տեխնիկան և մեր մարտական պատրաստությունը թույլ է տալիս ցանկացած հակառակորդի կանգնեցնել»։
The Washington Post-ը մեջբերել է ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքը, ով ընդգծել է, որ «Եթե պատերազմը վերսկսվի, մենք ոչ միայն նրանց [ադրբեջանցիներին], ետ կմղենք, այլև ինքներս առաջ կշարժվենք»:
Խոսելով ԱՄՆ-ի առաջատար օրաթերթի հետ` Մնացականյանը խոստովանել է, որ ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը չէին սպասում «լայնածավալ հարձակում»:
«Մարտավարական առումով, գուցե, նրանք որոշ հաջողություններ գրանցեցին,- ասել է Ղարաբաղի պաշտպանության նախարարը: – Բայց ես կասեի, որ, հաշվի առնելով նրանց օգտագործած բոլոր ուժերը, դա ավելի շուտ պարտություն է նրանց համար»:
Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ասում են, որ ապրիլի 2-5-ը տեղի ունեցած նախահարձակ գործողության ընթացքում Ադրբեջանը կորցրել է 24 տանկ, այլ ռազմական տեխնիկա, ինչպես նաև հարյուրավոր, եթե ոչ հազարավոր զինվորներ:
Ստեփանակերտը հաղորդել է ռազմական գործողությունների հետևանքով 92 զոհի և 121 վիրավորների մասին: