ԼՂՀ ԱԳՆ. 1994 թ. համաձայնագիրը պետք է լիովին վերականգնվի

Photo: Nazik Armenakyan/ ArmeniaNow.com

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը (ԼՂՀ ԱԳՆ) պնդել է 1994 թ. հաստատված հրադադարի ռեժիմի լիակատար վերականգնման վրա այն բանից հետո, երբ Ադրբեջանը հայտարարել է Ռուսաստանի միջնորդությամբ կնքված համաձայնագրերը միակողմանի չեղարկելու մասին:

Լեռնային Ղարաբաղում ապրիլի սկզբին չորս օր տևած լայնածավալ ռազմական գործողություններից հետո հայկական և ադրբեջանական կողմերը կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածություն ձեռք բերեցին: Այդուհանդերձ, Ադրբեջանն ավելի ուշ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային և Անվտանգության խորհրդին հայտնել էր համաձայնագրերից դուրս գալու մասին:

Հայաստանը միանգամից դատապարտել էր այդ քայլը` այն որակելով որպես «սադրիչ»:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարությունն իր հայտարարության մեջ նաև մեղադրել է Ադրբեջանին հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը վերջնականապես խափանելու և այն ռազմական հարթություն տեղափոխելու փորձերի մեջ:

«Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմը դիմում է արդեն ավանդական դարձած խարդախության և մեքենայությունների պրակտիկային՝ փորձելով մեղքը դնել հայկական կողմի վրա և դրանով իսկ խուսափել պատերազմ սանձազերծելու համար պատասխանատվությունից»,- ասել է նա:

Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ-ը հանդես է եկել այս հայտարարությամբ Ադրբեջանի հետ շփման գծում լարվածության աճի պայմաններում, երբ ադրբեջանական զինված ուժերը երկուշաբթի լույս երեքշաբթի գիշեր արկակոծել և հրետակոծել էր Ղարաբաղի հյուսիսում գտնվող Մարտակերտ քաղաքը և Մատաղիս գյուղը: