Ղարաբաղ. բնակավայրերի հրետակոծությունը շարունակվել է նաև այս գիշեր

Photo: Nazik Armenakyan/Armenianow.com

Ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը Ադրբեջանը շարունակել է ինտենսիվ հրետակոծության ենթարկել ՊԲ մարտական դիրքերը և բնակավայրերը` օգտագործելով տարբեր տրամաչափի ականանետներ, թնդանոթներ, ռեակտիվ հրթիռահրետանային համակարգեր` հաղորդել են Ստեփանակերտի ռազմական իշխանությունները:

Առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի արևելյան, հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններով: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ադրբեջանական կողմն ՄՄ-21 (Գրադ) կայանքներից հրետակոծության է ենթարկվել Ղարաբաղի հյուսիս-արևելքում գտնվող Մատաղիս խաղաղ բնակավայրը, որն ապրիլի սկզբից Ադրբեջանի նախահարձակ գործողությունների նպատակակետերից էր:

Չորեքշաբթի ավելի վաղ Ադրբեջանի զինուժը նաև «Գրադ» կայանքներով հրետակոծել էր Մարտակերտ քաղաք:

Այս գիշեր ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծության և արկակոծության են ենթարկվել նաև պաշտպանության բանակի մարտական դիրքերը, որոնց ուղղությամբ արձակվել է ավելի քան 240 արկ:

Զինծառայողների կամ քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին չի հաղորդվում:

«Հակառակորդի նախահարձակ գործողությունները չեզոքացնելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են կանխարգելիչ և օպերատիվ իրադրության զարգացմանը համահունչ գործողությունների»,- նշված է ԼՂՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ` հավելելով, որ իրավիճակը առավոտյան «համեմատաբար հանգիստ է»:

Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը ապրիլի 5-ին հակամարտության գոտում չորս օր տևած ծանր մարտերից հետո, երկուստեք զոհեր ու վիրավորներ տալով, կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածության ձեռք բերեցին:

Սակայն Լեռնային Ղարաբաղում դեռ հնչող կրակոցների և բախումների հետևանքով նոր զոհեր են գրանցվում: