
Ռուսաստանը կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին զսպվածություն դրսևորել և թույլ չտալ ագրեսիայի հերթական բռնկում` չորեքշաբթի հայ-ադրբեջանական շփման գծում միջսահմանային մարտերի մասին հաղորդումների ֆոնին:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է Մոսկվայի «խոր համոզմունքը», որ հակամարտող կողմերը պետք է վերսկսեն բանակցային գործընթացը` ուղղված կայուն խաղաղ կարգավորման ձեռքբերմանը:
«Սկզբունքորեն կարևոր ենք համարում ակտիվացնել առկա պայմանավորվածությունների հիման վրա ռազմական ռիսկերի նվազեցմանն ուղղված աշխատանքը»,- հավելել է նա` ըստ «ՌԻԱ նովոստի» գործակալության:
«Այժմ առաջնահերթ խնդիրն անկասկած իրավիճակը հանդարտացնելն է, ագրեսիայի նոր բռնկում, նոր արյունահեղություն թույլ չտալը և, անկասկած, վերականգնել այնպիսի մթնոլորտ, որը կնպաստի և՛ իրավիճակը հանդարտացնելուն, և՛, իհարկե, բանակցային գործընթացը վերսկսելուն»,- ընդգծել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Այն բանից հետո, երբ ապրիլի 5-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև ձեռք բերված կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը վերջ դրեց Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայությանը, Երևանը պնդում է վերադառնալու Ռուսաստանի միջնորդությամբ կնքված 1994 թ. Զինադադարի համաձայնագրին:
Ապրիլի 22-ին Երևան այցելած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նույնպես կոչ էր արել կողմերին հարգել և լիարժեք իրականացնել 1994-1995 թթ. համաձայնագրերը, որոնք, նա հիշեցրել է, անժամկետ են:
Ավելի վաղ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղ դատապարտել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային և Անվտանգության խորհրդին Ադրբեջանի ներկայացրած հաղորդումը, որով նա միակողմանիորեն չեղարկել էր այդ համաձայնագրերը:
Երևանում և Ստեփանակերտում իշխանությունները մեղադրում են Ադրբեջանին իրավիճակի լարվածության մեջ Լեռնային Ղարաբաղում, որտեղ երկու կողմերից մի քանի տասնյակ զինծառայողներ, ինչպես նաև խաղաղ բնակիչներ են զոհվել այս ամսվա սկզբին 1994 թ.-ից ի վեր սանձազերծված աննախադեպ առճակատման հետևանքով:
Ապրիլի 5-ին կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածության ձեռքբերումից հետո էլ հակամարտության գոտում պարբերաբար գրանցվող խախտումների հետևանքով շարունակվում են զոհեր լինել:
Ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդագրության` չորեքշաբթի օրվա ընթացքում հաստատված հարաբերական անդորրից հետո երեկոյան ադրբեջանական զինուժը ականանետներից սկսել է արկակոծել Մարտակերտի ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը:
Հաղորդվում է նաև հյուսիսարևելյան ուղղությամբ «հակառակորդի տեխնիկայի շարժի» մասին:
«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ուշադիր հետևում են առաջնագծում տեղի ունեցող զարգացումներին և իրենց պատժիչ գործողություններով ճնշում հակառակորդի ակտիվությունը»,- նշվոած է չորեքշաբթի երեկոյան Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ: