Նալբանդյան. Ադրբեջանը ստիպված կլինի վերադառնալ բանակցային գործընթացին

Ադրբեջանի կողմից ապրիլին սանձազերծված ռազմական ագրեսիայի դեռևս առաջին օրերին Հայաստանի նախագահի հանձնարարությամբ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կնքվելիք ռազմական փոխօգնության պայմանագիրը մշակման փուլում է։

Խորհրդարանում ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին ի պատասխան այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ե՛րբ է Երևանը կյանքի կոչելու այս նախաձեռնությունը։

Նախարարի խոսքով՝ սա պարզ գործընթաց չէ, բավական էքսպերտային և այլ աշխատանքի կարիք ունի, ինչն ընթացքի մեջ է:

«Երբ այդ աշխատանքն ավարտվի, համապատասխան կառույցների կողմից կարծիքներ հայտնվեն, և պահը լինի այնպես, որ արդեն կարելի է այդպիսի պայմանագիր կնքել, այն ժամանակ, իհարկե, դա կիրականացվի»,- ասել է Նալբանդյանը։

Քոքոբելյանի դիտարկմանը, թե հարմար պահը հենց հիմա է, Նալբանդյանն արձագանքել է, որ գուցե դա ճիշտ է, բայց բանակցային գործընթացում նաև այլ հանգամանքներ պետք է նկատի ունենալ՝ չմանրամասնելով, թե հատկապես որը:

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա Հայաստանի արտգործնախարարն ասել է, որ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ այս իրավիճակում դժվար է վարել։

«Այսօր միջազգային հանրության և առաջին հերթին եռանախագահող երկրների, Հայաստանի հետ միասին ջանքերն ուղղված են ապրիլի սկզբին տեղի ունեցածի կրկնության բացառմանը։ Դրա մասին էր ասում նաև Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը իր այցելության ընթացքում, և միայն ասեկոսեներ էին, որ ինչ-որ փաթեթ է բերել, ինչ-որ բանակցություններ են վարվում: Որևէ բանակցություններ այս պայմաններում, հասկանում եք, որ դժվար է վարել, եթե չեն ստեղծված համապատասխան պայմաններ»,- ասել է Նալբանդյանը՝ միևնույն ժամանակ, սակայն վստահեցնելով, որ Ադրբեջանը, այնուամենայնիվ, ստիպված կլինի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:

«Ադրբեջանի` բանակցություններն իր օգտին թեքելու փորձը ձախողվել է: Լավ հայտնի է, որ հակամարտության կարգավորման հիմնական փաստաթղթերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հինգ հայտարարություններն են, որոնք Ադրբեջանը ոչ մի կերպ չի ցանկանում վկայակոչել և ձևացնում է, թե չգիտե` ինչի մասին է խոսքը, կամ էլ աղավաղված ձևով ներկայացնում է փաստաթղթեր, որոնք աշխատանքային բնույթ են կրել»,- կարծում է Նալբանդյանը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմի խոսքերը չեն համապատասխանում իրականությանը և տեսնելով, որ չեն կարող բանակցություններն իրենց օգտին թեքել, նրանք փորձեցին ինչ-որ բան ստանալ ռազմական ոլորտում և` դարձյալ անարդյունք:

«Նրանք ստիպված կլինեն վերադառնալ բանակցային գործընթացին: Չկա այնպիսի հակամարտություն կամ պատերազմ, որից հետո չեն վերադառնում բանակցությունների սեղանին լուծում գտնելու համար»,- ասել է արտգործնախարարը: