Լեգիտիմ թիրախներ. Ղարաբաղն ասում է` Ադրբեջանը ռազմական օբյեկտներ է տեղակայում բնակավայրերի մոտ

Photo: nkrmil.am

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) ռազմական իշխանությունները հերքել  են Բաքվի պնդումները, թե իրենք թիրախ են ընտրել ադրբեջանական բնակավայրերը, ցույց տալով անօդաչու սարքերով նկարահանված Ադրբեջանի ռազմական օբյեկտները, որոնք տեղակայված են բնակեցված շրջաններում կամ դրանց մերձակայքում:

Photo:nkrmil.am
Photo:nkrmil.am

Հինգշաբթի հրապարակված հաղորդագության մեջ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ բոլոր ռազմական  օբյեկտները, համաձայն միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի նորմերի (որոնք, ի թիվս այլոց, արտացոլված են Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի առաջին   արձանագրություն, հոդված 52-ում), հանդիսանում են «լեգիտիմ թիրախներ»:

Անօդաչու թռչող սարքերով կատարված և նախարարության կայքում հրապարակված լուսանկարներում, մասնավորապես, Ադրբեջանի երկու ռազմական օբյեկտները գտնվում են Զանգիշալը և Չեմենլի բնակավայրերից տասնյակ կամ հարյուր մետր հեռավորության վրա:

Photo:nkrmil.am
Photo:nkrmil.am

«Ադրբեջանի զինված ուժերը, ի խախտումն նույն արձանագրության հոդված 58-րդում արտացոլված միջազգային սովորութային նորմի, չեն խուսափել բնակեցված շրջաններում կամ դրանց մերձակա վայրերում ռազմական օբյեկտներ տեղակայելուց»,- ասել են Լեռնային Ղարաբաղի ռազմական իշխանությունները:

Այս հաղորդագրությունն արվել է ի պատասխան Ադրբեջանի կողմից հնչող մեղադրանքների, որ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը հրետակոծում են ադրբեջանական բնակավայրերը:

Photo:nkrmil.am
Photo:nkrmil.am

Լեռնային Ղարաբաղը նաև մեղադրել է Ադրբեջանին մարտական դիրքերից ոչ հեռու գտնվող իր քաղաքները և գյուղերը, այդ թվում` Մարտակերտը և Մատաղիսը հրետակոծելու  մեջ:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը ասել է, որ ադրբեջանական ուժերը գիշերվա ընթացքում շարունակել են խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ինչպես նաև ականանետներ, նռնականետներ:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական
իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,- նշված է հաղորդագրության մեջ: