Դարձյալ զինվոր. Արմավիրի մարզի «Սև հովազ» ջոկատը վերադառնում է Ղարաբաղ

Արմավիրի տարածքային զինկոմիսարիատի բակում հավաքված տարբեր տարիքի տղամարդիկ զինվորական բարձր ողջույնով են պատասխանում իրենց ուղղված հրամանատարի ողջույնին, որին հաջորդում է խրոխտ ողջերթը. «Բարի ճանապարհ ու բարի վերադարձ, տղերք ջան»:

Մարզի համայնքներից հավաքվածները հիմնականում «Սև հովազ» ջոկատի նախկին անդամներն են, ովքեր մասնակցել Արցախյան ազատամարտին, այսօր նորից պատրաստվում են մեկնել Լեռնային Ղարաբաղ՝ առաջնագծում կանգնած զինվորի կողքին լինելու համար:

«Բոլորը կամավորներ են, ջոկատիս մի մասը արդեն Արցախում է, հիմա հաջորդ խումբն ենք տանում: Հրաշալի մարտական ոգի ունեն, պատրաստված են: Մեր էրեխեքի կողքին պետք է լինենք, փառք մեր բանակին, որ կարողացավ կյանքի գնով կասեցնել այդ հարձակումը: Մեր 18 տարեկանները նռնակով իրենց պայթեցնելով՝ սպանեցին նաև թուրքին, փառք ու պատիվ մեր էրեխեքին: Անկախության սերունդը կյանքի գնով պահեց այն սուրբ սահմանը, որը գծվել է իրենց ծնողների ու պապերի արյամբ, նրանք մեզնից հզոր են»,- ասում է «Սև հովազ» ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը:

volonteers-armavirՋոկատը կազմավորվել է 1989-ին` իրենց և շրջանի այլ գյուղերի ջոկատների միավորմամբ: 1990-ին ջոկատի 69 ազատամարտիկ անդամագրվում է հատուկ գնդին` ստեղծելով Արմավիրի կամավորական վաշտը, իսկ 1993-ին վաշտի հիմքի վրա կազմավորվում է գումարտակը: «Սև հովազը» մասնակցել է Քարվաճառի, Ֆիզուլիի, Կուբաթլուիի, Քաշաթաղի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Ջոկատից զոհվել է 11 ազատամարտիկ:

Արմավիրի մարզի Մարգարա գյուղի համայնքի ղեկավար Խաչատուր Ասատրյանը ասում է, որ կամավորների մեջ են մարզի 30 համայնքների ղեկավարները:

«Ինքներս էդպես որոշեցինք, մեր տղաներով բոլորս գնալ, թև ու թիկունք լինել մեր էրեխեքին: Մենք պաշտպանում ենք մեր հողն ու ջուրը, մեր պարտքն է պահպանել մեր ընտանիքների անդորրը, թույլ չտալ, որ թշնամին մեզ մեր տան մեջ ջախջախի, սահմանը անգամ մի  միլիմետրով խախտի»,- ասում է 42-ամյա Ասատրյանը:

Մեկնողներին ճանապարհում են մնացող ընկերները, հարազատները, երեխաները: Ողջագուրվում են, հրաժեշտի խոսքեր ասում` սպասում ենք ձեր վերադարձին:

kamavorner-armavirԵղեգնուտ գյուղից Ռազմիկ Մալխասյանը պատերազմի մասնակից է, ասում է` մեկնում է իր երեխաների կողքին լինելու համար:

«Մեր ընտանիքից երեք ժամկետային զինծառայողներ ունենք, էդ էրեխեքի մեջքին պետք ա կանգնել, չնայած իրանք մեզնից դուխով են»,- ասում է Մալխասյանը:

Վերջին հանձնարարականները տալով մեկնողներին` Ռուստամ Գասպարյանը ասում է. «Կատվին ինչքան էլ առյուծի փոստ հագցնեն, շուն տեսնելիս փախչելու ա: Փոստը չէ որ մարդուն պետք ա ոգի տա, մարդու մեջի մարտական ոգին է կարևոր»:

Վերլուծելով քառօրյա պատերազմական իրադարձությունները` «Սև հովազի» հրամանատարը նշում է. ունենալով այդքան լավ սպառազինված բանակ, այդքան զորք, վարձկան զինվորներ՝ Ադրբեջանը խայտառակ պարտություն կրեց:

«Այդ մի քանի դիրքը ոչինչ չէր նշանակում, նման դեպքերում նրանք պետք է տասնյակ կիլոմետրերով առաջ գնային, ընդամենը մի քանին հարյուր մետր են կարողացել առաջ գալ, ու մեր զինվորները կասեցրել են նրանց առաջխաղացումը: Նույն թուրքն ա մեր դիմաց կանգնած, էն ժամանակ էլ մեզնից շատ էին, ավելի շատ զենք ունեին, մենք էլ հրացանով էինք կռվում իրանց տանկի դեմ, բայց հաղթեցինք պատերազմում: Էսօր էլ բան չի փոխվել…»- ասում է Գասպարյանը:

Լեռնագոգցի նախկին ազատամարտիկ Բորյա Բաբայանն էլ ասում է. պատրաստ է անմահանալ հանուն հայրենի հողի, գնում են կիսատ թողած գործը ավարտին հասցնելու:

Ջոկատի հրամանատարն էլ ավելացնում է. «Հավատացեք, որ մենք` կռվող տղերքս, ցանկանում ենք, որ այս հարցը վերջնականապես լուծվի: Սպասում ենք հրահանգի՝ առաջ գնալու, ու էս անգամ մեզ հաստատ կանգնեցնել չի լինի: Միանգամից վերջ կդնենք: Թե չէ ամեն անգամ նման իրավիճակներում մեր էրեխեքին ենք կորցնում սահմաններին: Հաղթանակը պետք է ավարտին հասցնել: Մեր հույսը մեզ վրա պետք է դնենք, իսկ եթե արտաքին ուժերը օգնում են, ապա քաղաքականությունում իրենց պահանջներն են դնում: Մեր ուժն ու հույսը մենք ենք»:

Կամավորներով լցված ավտոբուսները շարժվում են դեպի Արցախ: Ավտոբուսի վարորդ Արմեն Հովհաննիսյանը ասում է, որ երկրորդ անգամ է տանում կամավորներին:

«Սպասում եմ իմ հերթին, ժամանակը գա` ես էլ կգնամ: Իսկ հիմա բարի ճանապարհ ու բարի վերադարձ: Ոչ ոք թող չպակասի նրանց շարքերից»,- ասում է Հովհաննիսյանը: