Վայրագությունների կրկնություն. Լարիսա Ալավերդյանը հիշում/համեմատում է «Կոլցո» օպերացիան

Photo: Photolure

Ադրբեջանական կողմի` հայկական գյուղերի անմեղ բնակիչների նկատմամբ իրականացված դաժանությունները քառորդ դար առաջ տխրահռչակ «Օղակ» գործողության շրջանակներում իրականացրած վայրագությունների կրկնությունն են` լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ, Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան  Լարիսա Ալավերդյանը:

1991 թ. ապրիլի 29-ին սկսված «Օղակ» գործողության («Կոլցո» օպերացիա) նպատակը հնարավորինս շատ բնակավայրերից հայերին բռնի տեղահանելն էր, միաժամանակ նաև վախ առաջացնելը և ազգային-ազատագրական արդարացի պայքարը ճնշել: Հայաթափման թիրախն առաջին հերթին Հյուսիսային Արցախի բնակավայրերն էին` Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի գյուղերը:

2 ամիս տևած «Օղակ» օպերացիայի ընթացքում Հյուսիսային Արցախի ու հարակից շրջանների 24 գյուղերից բռնի տեղահանվեց ավելի քան 10 հազար մարդ:

Քառօրյա պատերազմի ժամանակ ևս հակառակորդն աչքի ընկավ առանձնակի դաժանությամբ: Սահմանամերձ Թալիշ գյուղում կտրված ականջներով տարեց ամուսինների մարմինները, ազգությամբ եզդի զինծառայողի կտրված գլուխը տեսանկարահանելն ու ադրբեջանական գյուղերով պտտեցնելը, հայ զինծառայողների խոշտանգված մարմինները բավականին բուռն արձագանք ստացան հանրության կողմից, փաստաթղթեր նախապատրաստվեցին` միջազգային ատյաններում ադրբեջանական կողմի դեմ իրավական գործընթացներ սկսելու համար:

Ալավերդյանը, զուգահեռներ անցկացնելով, նշեց, որ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում էլ հակառակորդի վայրագությունները արձանագրվեցին միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից.

«Այն ժամանակ «Օղակ» գործողությունից հետո բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած իրավապաշտպանների խումբը մեկնեց տարածաշրջան, եղավ սահմանամերձ գյուղերում և զեկույցներ հրապարակեց` կոչ անելով ՄԱԿ-ին ուժեր կենտրոնացնելու տարածաշրջանում և ճնշում գործադրել ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովի վրա»,- ասաց նա, հավելելով, որ նույնը կատարվում է այսօր, և առկա են բոլոր անհրաժեշտ ապացույցները` տարբեր միջազգային կազմակերպությունների ուշադրությունը հակամարտության գոտու վրա հրավիրելու նպատակով:

Ալավերդյանը, սակայն, մատնանշեց, որ կա մի հանգամանք, որը թույլ չի տալիս Ադրբեջանի իրականացրած դաժանություները վկայող փաստերը ամբողջությամբ հրապարակել:

«Ադրբեջանի կամայականությունների դեմ բազմաթիվ իրավական գործընթացներ են սկսվել, և շատ դեպքերում տեղեկատվության տարածումը սահմանափակ է, օրինակ` Եվրոպական դատարանը նորմեր ունի, որոնց համաձայն` եթե դիմումի մեջ կամ դրան հարակից ինֆորմացիայում որևէ վիրավորական, ոչ պատշաճ արտահայտություններ լինեն մեղադրվող երկրի հասցեին, ապա գործընթացը կկասեցվի»,- նշեց, նա, հավելելով, որ ԼՂՀ ՊԲ զինծառայողների խոշտանգված մարմինների լուսանկարները չեն ցուցադրվում հենց այդ պատճառներով: