Աշոտյան. պետք է մնանք ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ ռազմական դաշինքի մեջ

Photo: Photolure

Հայաստանի Հանրապետությունը հույսը դրել է բացառապես սեփական ուժերի վրա, իսկ արտաքին աշխարհից խռովել ու նեղանալ չի կարելի` լրագրողների հետ հանդիպմանն ասաց իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Հայաստանի համար ընդունելի՞ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կրավորական կեցվածքը և ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանի` հակառակորդին զենք վաճառելու փաստը:

«ՀԱՊԿ-ն ունի պայմանագիր, որի համապատասխան հոդվածներ դեռևս կյանքի չեն կոչվել: Հայաստանը վերոնշյալ հոդվածների մասով նույնպես դեռ չի դիմել այդ կառույցին»,- նշեց նա, հավելելով, որ ՀԱՊԿ-ում չլինելու դեպքում էլ այլընտրանքային անվտանգության համակարգի առաջարկ Հայաստանին դեռ չի արվել:

«25 տարի մենք անկախ պետություն ենք, այդ ընթացքում Արևմուտքը Հայաստանի համար այլընտրանքային անվտանգության համակարգի առաջարկ չի արել, իսկ ՀԱՊԿ-ն արել է»,- ասաց Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահը նաև չհամաձայնեց այն մտքին, որ քառօրյա պատերազմի ընթացքում կոտրվեց Ռուսաստանի Դաշնության` Հայաստանի ռազմավարական դաշնակից լինելու միֆը:

«Ռուսաստանը մնում է մեր ռազմավարական դաշնակիցը: Դուք գիտեք մեր իշխանությունների կարծիքը զենքի վաճառքի շուրջ: Հայաստանում առաջին, երկրորդ, երրորդ նախագահների օրոք չի եղել իշխանություն, որը հարցականի տակ դնի Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական գործընկերության անհրաժեշտությունը»,- ասաց նա, հավելելով, որ արտաքին քաղաքականության մեջ պետք է առաջնորդվել երկրի և հասարակության գերակա շահով, իսկ զգացմունքներն այս դեպքում անտեղի են:

Նա վստահեցրեց, որ Հայաստանն իր ակնկալիքները Ռուսաստանից, ՀԱՊԿ-ից դեռ չի սպառել: Իսկ հակառուսական ալիք Հայաստանում բարձրացնելու ցանկությունը, Աշոտյանի համոզմամբ, անկեղծ չէ:

ՀՀԿ փոխնախագահը նաև հավելեց, որ ստեղծված իրավիճակում, երբ պատերազմական գործողությունները ընթացքի մեջ են, որոշակի քաղաքական ուժեր փորձում են արհեստական օրակարգ ստեղծելով` պահանջել երկրի նախագահի և գերագույն գլխավոր հրամանատարի հրաժարականը, ինչը բարոյական չէ:

Հիշեցնենք, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի` հակառակորդին զենք վաճառելու և քառօրյա պատերազմի ընթացքում ոչ հասցեական հայտարարություններ անելու հանգամանքը հասարակական տարբեր շրջանակներում զայրույթի ալիք բարձրացրեց:

Հայաստանում նույնիսկ բողոքի ցույց անցկացվեց Ռուսաստանի դեսպանատան առաջ, որի ընթացքում ցույցի մասնակիցները բազմաթիվ վանկարկումներով, ինչպես նաև դեսպանատան ուղղությամբ նետված ձվերով իրենց բողոքի ձայնը բարձրացրին: