Ղարաբաղ. դարձյալ հայ զինծառայողներ են զոհվել հանգստյան օրերին

Photo: Nazik Armenakyan/ Armenianow.com

Երեք հայ զինծառայողներ են զոհվել Լեռնային Ղարաբաղում հանգստյան օրերին տեղի  ունեցած առանձին միջադեպերի հետևանքով, մինչ Ադրբեջանը շարունակում է խախտել ապրիլի 5-ին ձեռք բերված կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ 19-ամյա Գարիկ Մովսիսյանը և 48-ամյա Վազգեն Հարությունյանը մահացու վիրավորում են ստացել շաբաթ օրը վաղ առավոտյան Ադրբեջանի հետ հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ շփման գծում:

25-ամյա Աշոտ Զոհրաբյանը զոհվել է հաջորդ օրը արևելյան (Մարտունի) ուղղությամբ շփման գծում:

300416MartakertBanakshrj-Info(1)Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը մեղադրել է Ադրբեջանին շփման գծի ողջ երկայնքով հայկական դիրքերը հրաձգային զինատեսակներից հրետակոծելու մեջ` կիրառելով նաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետներ ու տարբեր տիպի նռնականետներ:

Նա ասել է, որ պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը «հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար դիմել են օպերատիվ իրադրության զարգացմանը համահունչ գործողությունների»:

Միևնույն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) նախագահ Բակո Սահակյանը շարունակում է շրջել շրջաններում և խորհրդատվություններ անցկացնել այնտեղ: Ապրիլի 30-ին ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ Սահակյանն այցելել է Տոնաշեն, Մատաղիս, Թալիշ գյուղեր և Մարտակերտ շրջկենտրոն և, ըստ նախագահի պաշտոնական կայքի, այնտեղ աշխատանքային խորհրդակցություններ անցկացրել` «բանակի կենսագործունեությանը և Մարտակերտի շրջվարչակազմի ստորաբաժանումների կողմից այդ ոլորտում օպերատիվ լուծում պահանջող խնդիրների իրականացմանը վերաբերող հարցերի» շուրջ:

Ինչպես հաղորդվում է, նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել «քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ»:

Խորհրդակցություններին մասնակցել են ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը, մի խումբ կամավորականներ, պաշտոնատար այլ անձինք: