Ղարաբաղ. Ադրբեջանը զինուժ է կուտակում, ակտիվ տեղաշարժեր կատարում շփման գծում

Photo: Nazik Armenakyan/Armenianow.com

Ադրբեջանը զինուժ է կուտակում ու ակտիվ տեղաշարժեր կատարում Լեռնային Ղարաբաղի առաջնային գծի տարբեր ուղղություններում` երկուշաբթի հաղորդել են Ստեփանակերտի ռազմական իշխանությունները:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հետևում են ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող քայլերին և անհրաժեշտության դեպքում պատրաստ են դիմելու համապատասխան միջոցների»,- նշված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ չորս օր տևած ծանր մարտերից հետո ապրիլի 5-ին ձեռք բերված կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է:

«Իրադրությունն ամբողջությամբ գտնվում է ՊԲ առաջապահ ստորաբաժանումների աչալուրջ վերահսկողության տակ»,- ընդգծել է նախարարությունը:

Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ շաբաթավերջին երեք հայ զինծառայողներ են զոհվել է շփման գծի Թալիշի և Մարտունու ուղղություններով երկու առանձին միջադեպերի հետևանքով: Ապրիլի 29-ին վիրավորված մեկ հայ զինծառայող էլ երկուշաբթի վաղ առավոտյան մահացել էր հոսպիտալում: