Դեսպան. Հայաստանը պետք է ուժեղացնի ԼՂՀ-ի վերաբերյալ դիվանագիտությունը

Photo: Photolure

Երկար տարիներ Հայաստանի արտաքին գործերի նախարարության համակարգում աշխատած, արտաքին և ներքին դիվանագիտության մեջ մեծ փորձ ունեցող Արման Նավասարդյանի կարծիքով` Հայաստանը պետք է ուժեղացնի դիվանագիտությունը, հաշվի առնելով նաև նախագահի կոչը:

Նրա խոսքով` առավել հետաքրքրական են Սերժ Սարգսյանի վերջին մի քանի հայտարարությունները, մանավանդ «Բլումբերգ»-ին տված հարցազրույցը, որում նա հայտարարել էր բանակցությունների վերսկսման աննպատակահարմարության մասին:

«Առաջին խնդիրը մեր դիվանագիտությունն է. ԼՂՀ-ին վերադարձնել բանակցային սեղան, սա եղել է մեր ամենամեծ վրիպումը: Երկրորդ` պետք է հասնել ԼՂՀ միջազգային ճանաչման: Շատ կարևոր է խաղալ մեր հակառակորդների միջև եղած հակասությունների վրա: Կարևոր է, որ դիվանագիտությունը, լինելով գաղտնի, միևնույն ժամանակ որոշակի սահմաններով լինի թափանցիկ և հաշվետու, այս մասին անգամ նախագահն է ասել: Մենք պետք է իմանանք, թե ինչ են անում մեր դիվանագետները, դեսպանները»,- երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Նրա խոսքով` Հայաստանն ունի մեծ ինտելեկտուալ ներուժ, սփյուռք և եթե կարողանա դրանք ճիշտ օգտագործել` մեծ արդյունքների հասնել միանշանակ հնարավոր կլինի:

Ըստ նրա` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստ է ստորագրելու ցանկացած փաստաթուղթ, միայն թե Ղարաբաղը չմտնի բանակցային գործընթացի մեջ:

«Ալիևը վախենում է Ղարաբաղի վերադարձից, քանի որ դրանով հողի հարց է լուծվելու, և Ադրբեջանն այլևս Հայաստանից չի կարողանալու ոչինչ ուզել: Իսկ եթե Ղարաբաղը ճանաչվի որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, դրան հետևելու է նաև Ղարաբաղի ճանաչումը»,- ասաց դեսպանը` հավելելով, որ այդ դեպքում մեր դիվանագետները, դեսպանները մեծ ջանքեր պետք է գործադրեն այդ հարցերը կարգավորելու համար:

Խոսելով քառօրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի դերակատարման մասին` Նավասարդյանն ավելացրեց, որ վերջինս փորձում է սրել հայ-ռուսական հարաբերությունները:

«Թուրքիան բազմակոմբինացիոն խնդիրներ է լուծում: Ամբողջ Բաքվի ռազմական քաղաքականությունը հենված է Թուրքիայի վրա: Նրանք ուզում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերությունների մեջ: Եվ այս համատեքստում լավ է, որ Մադրիդյան և Կազանյան փաստաթղթերն այլևս չեն լինի բանակցային սեղանին»,- եզրափակեց նա: