Թալիշ. գոյատևման և ոչնչացման արանքում

(Photo: Nazik Armenakyan/ArmeniaNow.com)

Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծին թիկնած, պատերազմն արդեն երկրորդ անգամ սեփական մաշկի վրա ապրած սահմանապահ Թալիշ գյուղը Արցախի հյուսիսարևելյան դարպասն է ու մարդկային պատնեշը: Այստեղից է սկսվում ու ավարտվում հայրենիքը:

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո գյուղի բնակչությունը տարհանվել է, սակայն այստեղ են գիշերում թալիշեցի տղամարդկանցից շատերը, կամավորական խմբերը, իսկ արդեն գյուղից վերև՝ սահմանին, ԼՂՀ պաշտպանության բանակի ուժերն են:

Թալիշում գարունը եկել ու կանգ է առել: Հրետակոծված տների բակերում ապրիլի 2-ի գիշերվա մղձավանջի միջով անցած բնակիչների թողած իրերն են, երեխաների խաղալիքներն ու գրքերը: Հյուրասեր թալիշեցու տան ներսը լիքն է ու դատարկ, խոհանոցային իրերն ընկած են դես ու դեն, առաստաղները խոնարհվել են հատակին, փշրված պատուհանների կտորները ամենուր են:

Arthur Apresyan (Photo: Nazik Armenakyan/ArmeniaNow.com)
Արթուր Ապրեսյանը (Photo: Nazik Armenakyan/ArmeniaNow.com)

Թալիշեցի Արթուր Ապրեսյանը տան իրերից մի քանի բան է տեղավորում մեքենայում, ասում է` տանում է Ստեփանակերտ, որտեղ ընտանիքով ապրում են հարազատներից մեկի տանը:

«Սահմանը դզվեց, 100 տոկոսով եկացող եմ, հենա` ինձ հեկտարներով հող ունեմ, ո՞ւր թողնեմ-քինամ, ես ուզում եմ հենց ստեղ ապրեմ, իմ հորս տներն են, նոր էի սարքել, ու դրանք ավերեցին: Իմ տունս ստեղ ա, ես կարամ չեմ ուրիշ տեղ քինամ ու մնամ»,-ասում է գյուղատնտես-մեխանիկ 47-ամյա Ապրեսյանը:

Թալիշեցիների մի մասին ԼՂՀ իշխանությունները տեղավորել են Ստեփանակերտի հյուրանոցներում, մի մասը բարեկամների տներում է, մի մասն էլ տեղափոխվել են Հայաստանի տարբեր քաղաքներ ու գյուղեր՝ հարազատների մոտ:

Ստեփանակերտի «Երևան» հյուրանոցում են ժամանակավոր ապրում Սարգսյանների տասը հոգանոց ընտանիքը, որի անդամներից ամենամեծը 104-ամյա Հայկա Սարգսյանն է, ամենափոքրը՝ 6 ամսական Հակոբ Սարգսյանը:

«Գիշերը վեր կացանք պայթյունների ձեներից, մտածեցինք` երկրաշարժ է… Մեկ- էրկու սնարյադ որ տրաքեց, զանգեցինք գյուղապետին, ասեց` արագ իջեք նկուղ: Մի քանի ժամ մնալուց հետո դուրս էկանք: Մամաս ասում էր` միասին դուրս գանք, ասի. «Չէ, մամ, շատ ենք՝ 10 շունչ, ավելի լավ ա առանձին-առանձին տարբեր ուղղություններով դուրս գանք, որ մի բան էլ ըլնի, բոլորս վարի չգնանք, գոնե մեկս մնա»: Ոնց որ գյուղը բամբյոժկի տակ լիներ, էն որ նոր տարուն սալյուտ են կրակում է… բայց սրանց սալյուտից երկաթի կտորներ էին թափվում, ու եթե դրանք ընկնեին մեզ վրա, սաղ չէինք մնալու»,- պատմում է 27-ամյա Հասմիկ Սարգսյանը` ներկայացնելով եղբոր չորս տղաներին՝ Հակոբին, Նվերին, Արարատին ու Գոռին:

(Photos: Nazik Armenakyan/ArmeniaNow.com)

Ընտանիքի մայրը` Անգին Սարգսյանը, ամեն առավոտ 8-ն անց կեսի ավտոբուսով Ստեփանակերտից գնում է Թալիշ՝ անասուններին ու հավերին կեր տալու:

«Գնացի տեսա՝ չկան, սատկալ են, մնացել ա մի քանի հատ հավ: Աչքահանիչա գնում եմ, նայում, սիրտս մղկտում ա, գնում եմ՝ հավերին մի քիչ կորեկ եմ շպրտում, թողնում գալիս: Էն պատերազմի ժամանակ տունը սենց չէր ավերվել, ոնց որ հիմա: Չէինք սպասում, հազիվ մեզի համար նոռմալնի ապրում էինք, հենա էլի անցանք հին տաշտակին,- պատմում է 59-ամյա Սարգսյանը: – Մենք հետ ենք գնալու, մեզ համար ուրիշ տեղ չկա ապրելու»:

Թալիշը գտնվում է ԼՂՀ Մարտակերտի շրջանում, Ստեփանակերտից հեռու է 28 կմ, Արցախի հնագույն գյուղերից է, եղել է Գյուլիստանի (Թալիշի) մելիքության իշխանանիստը։ Գյուղի տարածքում կան պատմական եկեղեցիներ, այստեղ է գտնվում Գյուլիստանի մելիքների տոհմական գերեզմանատունը: Ապրիլի 2-ի գիշերը Թալիշը հրետակոծվեց ադրբեջանական զինված ուժերի կողմից, թշնամին, ներխուժելով գյուղ, գնդակահարել էր երեք տարեց բնակիչների, իսկ հետո կտրել նրանց ականջները։

Vilen Petrosyan, head of Talish village (Photo: Nazik Armenakyan/ArmeniaNow.com)
Թալիշի գյուղի համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը (Photo: Nazik Armenakyan/ArmeniaNow.com)

Խոսելով Թալիշի ռազմավարական նշանակության մասին` գյուղի համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանն ասում է. «Ռազմավարական նշանակությունը կայանում է նրանում, որ էս իմ ծննդավայրն է, իսկ ծննդավայր կորցնելը շատ ծանր երևույթ է: Երևի երբ ամեն օր ապրում ես, էդքան չես զգում քո հողի քաղցրությունը, քան երբ հանկարծ կանգնում ես կորցնելու վտանգի առաջ: Էսօր դիրքերում մեր տղերքը պահում են սահմանը, ամեն դեպքում, ամեն ինչ անելու ենք` գյուղն ապրի: Ինձ համար ամենածանր հարվածը կլինի էն, որ էս բազմադարյան գյուղի պատմության թելը կտրվի»:

Մինչև ապրիլի 2-ի տարհանումը Թալիշի 125 տնտեսությունում ապրել է 500 մարդ:

«1992 թվի բռնի տեղահանությունից առաջ գյուղում ապրում էր 2264 մարդ, հետո երբ հայկական կամավորական ջոկատները ազատագրեցին գյուղը, բնակիչների քառորդ մասը՝ 600 հոգի վերադարձան: Ես թալիշեցի եմ: Արդեն 23 տարի` գյուղապետ եմ, նախորդ պատերազմից դեռ էն ժամանակ, երբ գյուղը թշնամու ձեռքին էր, մեր պարտիզանական ջոկատի տղերքն ինձ ընտրեցին: Էն ժամանակ ես առաջին անգամ վիրավորվել էի ականի վրա, երկրորդ անգամ էլ որ վիրավորվեցի, ոտքս տարավ, մի խոսքով, էն պատերազմից մինչև էս քառօրյա պատերազմը Թալիշի գյուղապետն եմ»,-պատմում է երկու երեխաների հայր Պետրոսյանը:

Նշում է, որ գյուղի վերևի դիրքերը ամուր էին, հակառակ դեպքում չէին հասցնի տարհանել երեխաներին, կանանց ու ծերերին:

«18 տարեկաններն ապացուցեցին, գերազանցեցին սպասելիքները: Էս սերունդը անկախության, իր ազատ ապրելու իրավունքի տերն ա, մեր էրեխեքի համար ազատության արժեքը շատ ավելի գնահատելի է, ինչը մենք չեն ունեցել խորհրդային երկրում»,- ասում է Պետրոսյանը:

Այսօր արդեն ԼՂՀ իշխանությունները գնահատել են գյուղի կրած վնասները, հնչել են հայտարարություններ, որ ամեն ինչով աջակցելու են, ներդրվելու են սոցիալական նոր երաշխիքներ, սակայն ամենակարևորը թալիշեցիներին վստահեցնելն է, որ իրենց կյանքին վտանգ չի սպառնալու:

Hayk Khanumyan (Photo: Nazik Armenakyan/ArmeniaNow.com)
Հայկ Խանումյանը (Photo: Nazik Armenakyan/ArmeniaNow.com)

ԼՂՀ Ազգային ժողովի «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը, անդրադառնալով Թալիշի ռազմավարական նշանակությանը, նշում է. Արցախում ցանկացած տարածք կարևոր է, իսկ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, թե ինչ վտանգավոր թեզ է տարածք զիջելու մասին խոսակցությունը, քանի որ ամեն տարածքի կորուստը ավելի խոցելի է դարձնում արցախահայության ֆիզիկական անվտանգությունը:

«Ընդամենը մի քանի փոքր դիրքեր են, բայց մի քանի հարյուր հոգու ֆիզիկական գոյության հարց է առաջացել, մի ամբողջ գյուղի: Փաստորեն այս դիրքերի կորուստը ցույց է տալիս, որ քաղաքացիական բնակիչները, կոնկրետ Թալիշ գյուղում, դիպուկահարի կրակի տակ են ընկնում, դիրքերը հետ վերցնելն այլընտրանք չունի»,- ասում է Խանումյանը

(Photos: Nazik Armenakyan/ArmeniaNow.com)