
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Ստեփանակերտ այցի երկրորդ օրը հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) նախագահ Բակո Սահակյանի հետ:
Ըստ ԼՂՀ նախագահի մամուլի ծառայության` «քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին վերաբերող մի շարք հարցեր»:
Ինչպես հաղորդվում է, նախագահ Սահակյանը կարևորել է «այս ծանր օրերին քաղաքական ուժերի ցուցաբերած միասնականությունը և նրանց դերակատարությունը մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման գործում»:
Տեր-Պետրոսյանը, ով 1991-1998 թթ. եղել է Հայաստանի նախագահ, այժմ երկրի հիմնական ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես կուսակցության առաջնորդն է:
Անցյալ ամսվա սկզբին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման պայմաններում Լևոն Տեր-Պետրոսյանը նախաձեռնել էր հանդիպում Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որի վարչակազմի սուր քննադատներից է նա 2008 թ.-ից:
Ապրիլի 9-ին Սարգսյանի հետ հանդիպումից հետո iLur.am կայքին տված հարցազրույցում Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ էր արել հայաստանյան ընդդիմությանը մի կողմ դնել տարաձայնությունները իշխանության հետ` Ադրբեջանի հետ կարևոր բանակցություններ սկսելուց առաջ:
Լեռնային Ղարաբաղում ակտիվ ռազմական գործողությունների ավարտից գրեթե մեկ ամիս անց, սակայն, Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջիկայում բանակցությունների վերսկսման նշաններ դեռ չկան:
Ստեփանակերտ Տեր-Պետրոսյանի այցի նախօրեին ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ասել է, որ Ադրբեջանի կողմից ռազմական սպառնալիքի պայմաններում այս այցելությունը միտված է ի ցույց դնելու ազգային միասնությունը: