Ադրբեջանը բարկացած է. Հայաստանում Արցախը ճանաչելու մասին նախագիծը հարուցել է Բաքվի զայրույթը

Մայիսի 5-ին Հայաստանի կառավարությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) անկախությունը ճանաչելու մասին օրենքի նախագծի սպասվող քննարկումը արդեն իսկ դատապարտվել է Ադրբեջանի կողմից որպես «սադրանք»:

Օրինագծի հեղինակներն են ընդդիմադիր պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Փոստանջյանը արդեն քանիցս առաջարկել է ճանաչել ԼՂՀ անկախությունը, սակայն օրինագիծը հավանության չի արժանացել ո՛չ կառավարությունում և ո՛չ էլ խորհրդարանում: Բայց, փորձագետների կարծիքով, ապրիլի 2-5-ը Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմից հետո օրինագիծը հաջողության որոշակի հնարավորություններ ունի:

Ադրբեջանը արդեն հիստերիա է բարձրացրել օրինագծի քննարկման հետ կապված: Հայաստանի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին փաստաթղթի քննարկումը սադրանք է` հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի հարցերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: «Սա Հայաստանի ղեկավարության հերթական սադրանքն է: Հավանաբար, սա ապրիլի սկզբին իրականացված սադրանքի շարունակությունն է: Նրանք գիտեին, որ ինչ պատասխան են ստանալու: Նրանց հիմնական նպատակն էր` օգտվել դրանից և խախտել բանակցային գործընթացը, պահպանել ստատուս քվոն»,- ասել է նա «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

Ընդ որում, հայկական կողմը չի թաքցնում, որ օրինագիծը կոչված է Ադրբեջանի նոր ագրեսիան կանխելու գործում զսպող դերակատարում ունենալ: Եթե Ադրբեջանը նոր ռազմական ագրեսիան սկսի, Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը կմտնի օրակարգ: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Այն հարցին, թե արդյոք ճի՞շտ է, որ Հայաստանի Կառավարությունը պատրաստվում է առաջիկա նիստում հավանություն տալ ԼՂՀ-ն ճանաչելու մասին օրինագծին, փոխարտգործնախարարն ասել է. «Համաձայն եզրակացության՝ ճանաչումը պայմանավորվում է իրավիճակի հետագա զարգացումներով: Եթե Ադրբեջանը ծավալի նոր ռազմական ագրեսիա, Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը կմտնի օրակարգ»:

Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը հայտարարել է, որ Հայաստանում ուշադիր հետևում են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների զառանցական հայտարարություններին, որոնք զարմանքից բացի միայն զվարճանք կարող են առաջացնել: Նա հիշեցրել է, որ օրինագիծը ներկայացրել են ընդդիմադիր պատգամավորները. «Թող ոչ ոք չկասկածի, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչելու դեպքում բոլորն այդ մասին առաջինը կլսեն Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի շուրթերից»:

Իր հերթին, Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ԼՂՀ հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը նշել է. «Հայաստանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Հիմա իրավիճակը փոխվել է, և քաղաքական գործիչները փոխել են նախկին մոտեցումները: Նախկինում Երևանում կարծում էին, որ ճանաչումը կհանգեցնի պատերազմի կամ խաղաղ բանակցային գործընթացի խափանման: Բայց կյանքը ցույց տվեց, որ առանց այդ ճանաչման էլ Ադրբեջանը պատերազմ սկսեց և խափանեց բանակցային գործընթացը, ինչպես նաև խախտեց 1994 թվականի հրադադարի մասին համաձայնագիրը»: Այժմ, հավելել է դիվանագետը, այլևս այդ հարցում որևէ մտավախություն չի լինի, և Հայաստանը պետք է ավելի կտրուկ քայլեր ձեռնարկի:

Այն մասին, որ Հայաստանը կարող է ճանաչել ԼՂՀ-ը և նրա հետ ռազմական փոխօգնություն պայմանագիր կնքել, ապրիլյան պատերազմի ընթացքում ասել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նա ասել էր, որ եթե Ադրբեջանը շարունակի ագրեսիան, ապա Հայաստանը կգնա ԼՂՀ ճանաչմանը:

Հայաստանը մինչ օրս չի ճանաչել ԼՂՀ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող բանակցություններին մասնակցելու համար: Այդ բանակցությունների շրջանակներում քննարկվել են, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքները, որոնք ենթադրում են նաև տարածքային զիջումներ, և երբ բարձրացվում էր ճանաչման հարցը, հայ քաղաքական գործիչները հարց էին տալիս` ի՞նչ սահմաններով պետք է ճանաչել ԼՂՀ-ն: Եթե ներկայիս գոյություն ունեցող սահմաններով, ապա բանակցությունները և մադրիդյան սկզբունքները պետք է համարվեն ավարտված: Իսկ եթե ուրիշ սահմաններով, ապա ո՞ր:

Այժմ փորձագետները հարց են տալիս, թե արդյոք պատերազմից հետո Հայաստանը հրաժարվե՞լ է մադրիդյան սկզբունքներից և տարածքային զիջումներից: