
«Պետական բացառիկ մտածողության դրսևորում»` Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումից հետո Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պահվածքն այսպես է որակել Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ փոխելով իր կարծիքը երբեմնի «սպառված քաղաքական թոշակառուի» մասին։
Շարմազանովն aysor.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Լևոն Տեր-Պետրոսյանի այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ասել է, որ դրական և բարձր է գնահատում ինչպես հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի ու Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, այնպես էլ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ հանրությանն ուղղված հայտարարությունը:
«Առաջին նախագահն ասաց՝ հիմա քարեր շպրտելու ժամանակը չէ, պետք է միավորվել իշխանության ու նախագահի շուրջ։ Ներքաղաքական առումով սա ազդակ էր որոշ հիստերիկ ապազգային ուժերին, որոնք փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ: Արտաքին քաղաքականության առումով՝ սա մեսիջ էր առ այն, որ որևէ մեկի մտքով չանցնի, թե Արցախի շուրջ ստեղծված այս իրավիճակում նույնիսկ ռադիկալ ընդդիմություն համարվող Հայ ազգային կոնգրեսը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, կարող է առաջնորդվել ոչ թե պետական, այլ քաղաքական շահի գերակայությամբ»,- լրատվամիջոցին ասել է ԱԺ փոխնախագահը:
Հիշեցնենք, որ դեռևս ոչ վաղ անցյալում նույն Շարմազանովը բազմիցս քննադատել է ՀՀ առաջին նախագահին` նրան նույնիսկ անվանել «քաղաքական թոշակառու»։
Առհասարակ, իշխող կուսակցության անդամներն այս օրերին արդեն մի քանի անգամ հասցրել են ողջունել Տեր-Պետրոսյանի գործողությունները։ Քաղաքագետների կարծիքով էլ` առաջին նախագահի` այս օրերի պահվածքը բարձրացրել է նաև նրա վարկանիշն, ինչն իր ազդեցությունը կունենա առաջիկա ընտրությունների ժամանակ։
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջին նախագահն այս օրերին գտնվում է ԼՂՀ-ում, հանդիպել է ԼՂՀ նախագահի հետ, որից հետո լրագրողներին ասել է, որ «Իշխանությունները հանգիստ, զուսպ անում են այն, ինչ պահանջում է այսօրվա իրավիճակը»։
Ավելի վաղ Հայաստանի առաջին նախագահը հանդիպել էր գործող նախագահի հետ, ում վարչակազմի սուր քննադատներից է: Հանդիպումից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ էր արել հայաստանյան ընդդիմությանը մի կողմ դնել տարաձայնությունները իշխանության հետ` Ադրբեջանի հետ կարևոր բանակցություններ սկսելուց առաջ: