Պատերազմի հոտ է գալիս. հայ վերլուծաբանները չեն բացառում Ղարաբաղում ադրբեջանական նոր ագրեսիան

Photo: Photolure

Հաշվի առնելով ադրբեջանական զինված ուժերի կուտակումները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով` Հայաստանում չեն բացառում, որ Ադրբեջանը կարող է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հարձակողական գործողություններ ձեռնարկել ցանկացած պահի, եթե չլինեն ներկայումս առկա զսպող հանգամանքները:

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ` այս օրերին շփման գծում ադրբեջանական ավելի մեծ զորախմբեր են տեղակայված, քան եղել են մինչև ապրիլի 1-ը, երբ Ադրբեջանի սանձազերծմամբ սկսվեցին 4 օր տևած պատերազմական գործողությունները:

«Հստակ գնահատական տալ չեմ կարող ու նման իրավիճակում ասել` ինչ կլինի, երբ կլինի, դժվար է ասել»,- երեքշաբթի` մայիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հովհաննիսյանը, անդրադառնալով հասարակության շրջանում տարածված այն տեղեկություններին ու մտավախությանը, որ ադրբեջանցիները կրկին հարձակվելու են մայիսի 8-ին կամ 9-ին, երբ հայերը նշում են Շուշին ազատագրելու օրը:

«Զորքերի տեղաշարժը, կուտակումները ըստ էության մշտական են, հակառակորդը խուսավարումները մշտապես իրականացնում է»,- հավելել է ՊՆ ներկայացուցիչը` շեշտելով, որ հենց դա էլ դժվարացնում է հստակ կանխատեսումներ անելը հարձակման հնարավոր ժամկետների վերաբերյալ:

«Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի (ՊԲ) հետախուզական ուժերը ուշադրության կենտրոնում են պահում այդ տեղաշարժերը: Հակառակորդի գործողությունները նրանց համար տեսանելի են ու ընկալելի են: ՊԲ ստորաբաժանումները ավելի բարձր մարտական պատրաստվածության են բերված: Անակնկալության գործոնը նվազագույնի է հասցվել»,- հավաստիացրել է Հովհաննիսյանը:

Լրագրող Թաթուլ Հակոբյանը, որ օրերս է վերադարձել Լեռնային Ղարաբաղի առաջին գծից, համոզված է` Ադրբեջանը սպասում է հարմար պահի, որպեսզի հարված հասցնի:

«Եթե մինչ այդ ոմանք կասկածում էին, ասում էին` Ադրբեջանը չի հարձակվի, ապա ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը դա կանի, կանի յուրաքանչյուր հարմար պահի, երբ զգա, որ ատամը կկտրի»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Հակոբյանը:

«Այդ պահը նրա համար ե՛րբ կլինի` դժվարանում եմ ասել, այո՛, կարող է լինել ամսի 8-9-ին, կարող լինել այս գիշեր, կարող է լինել 6 ամիս անց, դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով»,- հավելել է նա:

«Կանաչ ու սև. արցախյան օրագիր» գրքի հեղինակը երկու հիմնական պայման է առանձնացնում` հայկական կողմի պատասխանն ու ռուսների արձագանքը.

«Շատ կարևոր հանգամանք` ինչպիսին կլինի ռուսական արձագանքը, որովհետև Ադրբեջանի համար չափազանց կարևոր է ռուսների պահվածքը: Եթե Ադրբեջանը վստահ լինի, որ Ռուսաստանը որևէ ձևով չի միջամտելու, մեկ ամիս չի խառնվելու կոնֆլիկտին, այս գիշեր էլ կհարձակվի»:

«Առաջին պատճառը, որ Ադրբեջանը չի հարձակվում, այն է, որ չգիտի` ռուսների արձագանքը ինչպիսին կլինի: Երկրորդ` հենց ադրբեջանական կողմը զգա, որ հայկական կողմերը աչալուրջ չեն, կփորձի հարվածել և գուցե անակնկալ ձևով հարվածի: Պարտադիր չէ, որ դա լինի շփման գծում, դա կարող է լինել Նախիջևանի կողմից, կարող է լինել Տավուշի մարզից, այնտեղից, որտեղ թույլ տեղ տեսնեն»,- հավելել է Հակոբյանը` ընդգծելով, որ պատերազմական գործողությունները վերսկսելը միայն Ադրբեջանի որոշելով չէ: