ԼՂՀ խորհրդարանականներ. պատրաստ եղիր պատերազմին և երբեք մի զիջիր

National Assembly Kharabkh (Photo: Nazik Armenakyan/ArmeniaNow.com)

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված ռազմաքաղաքական նոր իրավիճակի շուրջ քննարկումներում ԼՂՀ օրենսդիր մարմնի պատգամավորները նշում են. պետք է պաստրաստ լինել լուրջ գործողությունների, այդ թվում նաև` պատերազմի, քանի որ Ադրբեջանը փորձելու է լայնածավալ նախահարձակ գործողությունների դիմել:

Hayk Khanumyan (Photo: Nazik Armenakyan/ArmeniaNow.com)
Հայկ Խանումյան (Photo: Nazik Armenakyan/ArmeniaNow.com)

«Մենք ունենք բավական քիչ ժամանակ կոնկրետ զինատեսակներ գնելու համար: Սա ինձ համար ինդիկատոր է, և եթե առաջիկայում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները սկսեն զինատեսակներ գնել, նշանակում է` պատրաստվում են լրջորեն դիմակայելու մարտահրավերներին, եթե չգնեն, կնշանակի մարդիկ պարտվողական են տրամադրված և քաղաքական կամք չունեն մարտահրավերներին դիմակայելու»,- ասում է ԼՂՀ Ազգային ժողովի «Ազգային վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը:

ԼՂՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանի գնահատմամբ էլ քառօրյա պատերազմը լուրջ քայլ էր՝ ներքին կյանքում փոփոխություններ մտցնելու համար: Ըստ նրա` հանրությունը պետք է միշտ հոգեբանորեն պատրաստ լինի պատերազմական իրավիճակում գտնվելուն և գործելուն:

Davit Ishkhanyan
Դավիթ Իշխանյան (Photo: Nazik Armenakyan/ArmeniaNow.com)

«Խոսք վերաբերում է երկրի բարձագույն իշխանություններից մինչև ստորին օղակներ հասնող պատասխանատուներին` սպայական անձնակազմից, գեներալից մինչև վերջին զինվոր, այսինքն` այդ հոգեբանությունը մենք մեր մեջ պետք է արմատավորենք: Հարկավոր է վերանայել մեր զինվորական կառուցվածքը, նրա առջև դրված ռազմավարական և մարտավարական խնդիրները, և խնդիրը ոչ միայն տեխնիկական հզորության մասին է»,- ասում է Իշխանյանը:

ՀՅԴ խմբակցության ղեկավարի դիտարկմամբ` քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ լիովին լուծված չեն ԼՂՀ ժողովրդի անվտանգության հիմնահարցերը, մասնավորապես, Արցախի հյուսիսային շրջանում և կենտրոնական հատվածներում:

«Մարտակերտի շրջանի հյուսիսային հատվածը և Մարտունի շրջկենտրոնը դեռևս ապահովված չեն ամբողջական անվտանգության բաղադրիչներով, և կարևոր է գիտակցել, որ այդ տարածքներն անխոցելի դարձնելու համար մեզ անհրաժեշտ է ժողովրդի անվտանգությունն ապահովող և երաշխավորող ավելի ընդլայնված տարածք ունենալ: Մենք տրամադրված չենք որևէ բնակավայր՝ Թալիշ, Մարտակերտ կամ Մարտունի, տեղաշարժելու, ինչ է թե դրանք սահմանին մոտ են: Սահմանի փոփոխության հարցը մենք կարող ենք քննարկման նյութ դարձնել և փորձել լուծել` նկատի առնելով մեր ժողովրդի անվտանգությունը»,- ասում է նա:

Arthur Tovmasyan
Արթուր Թովմասյան (Photo: Nazik Armenakyan/ArmeniaNow.com)

Իսկ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանն էլ կարծում է, որ լինել տնտեսապես հզոր, դեռևս չի նշանակում հօգուտ քեզ վճռել մարտի ելքը:

«Հիշենք պատերազմները՝ ԽՍՀՄ-Աֆղանստան, ԱՄՆ-Վիետնամ, ԽՍՀՄ-Գերմանիա, վերջապես ԼՂՀ-Ադրբեջան առաջին պատերազմը, արդյոք մենք ավելի լա՞վ էինք զինված 1992-1994 թվականներին… Մի բանում համոզված եմ` քառօրյա պատերազմը եթե երկարեր, մեր զինվորները ոչ միայն կասեցնելու էին թշնամու հակագրոհը, այլև տեղափոխվելու էին թշնամու տարածք, և այնպիսի արդյունք էինք ունենալու, ինչպիսին ունեցանք 1994-ի մայիսի 12-ին, երբ նրանք զինադադար խնդրեցին»,- ասում է Թովմասյանը:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի երկար տարիների աշխատանքին` նշում է. բանակցությունների այլընտրանքը պատերազմն է:

«Այդ խմբի ամենամեծ առաքելությունը այն էր, որ մինչև 2014 թվականը հաջողվեց պահպանել ոչ խաղաղություն, ոչ պատերազմ վիճակը: Չեմ կարծում, որ պատերազմը սկսվել է 2016-ին: 2014 թվականի հուլիս-օգոստոսի միկրոպատերազմներից մեր զինվորները նույնպես փառքով դուրս եկան: Եվ հայ զինվորին է վերապահված իրականացնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի հանձնարարականը՝ առաջնագծում խաղաղություն պահպանել, բայց հայ զինվորը ինչպե՞ս պահպանեց՝ նա թշնամու դիվերսիոն գործողությունների հանդեպ կատարեց պատժիչ գործողություններ, որից հետո թշնամին լռեց»,- ասում է «Հայրենիք» խմբակցության ղեկավարը:

Հայկ Խանումյանի գնահատմամբ էլ` Մինսկի խումբը ընդամենը միջնորդ է կողմերի միջև, հարկավոր չէ Մինսկի խմբին թիրախ ընտրել և մեծ հույսեր կապել այդ խմբի հետ:

«Այն, որ Ղարաբաղը պետք է բանակցող կողմ դառնա և նստի սեղանի շուրջ, հստակ է: Մենք չպետք է մտածենք միջնորդի ուղեղով կամ դատողություններով, պետք է մտածենք ղարաբաղյան հարցի հայամետ, մեզ ձեռնտու կարգավորման ուղղությամբ, ինչի համար պետք է դիվանագիտական աշխատանք կատարվի տարբեր երկրներում Արցախը ճանաչել տալու ուղղությամբ»,- նշում է Խանումյանը:

Անդրադառնալով տարածքները վերադարձնելու մասին խոսակցություններին` պատգամավորն ասում է. ցանկացած տարածքի զիջում կբերի տարբեր բնակավայրերի ֆիզիկական անվտանգության խնդիր:

«Եթե Հայաստանում կան մարդիկ, ովքեր կարծում են, որ տարածքային զիջումները խաղաղություն են բերելու, ապա առնվազն պետք է մեկ անգամ էքսկուրսիա անցկացնեն Արցախում և համոզվեն, որ տարածքային զիջումը որևէ ապագա չունի: Մենք ունենք բնակելի տարածքներ, որոնք հրետակոծության տակ են, ավելին` այդ տարածքները պետք է ընդլայնել, մանավանդ որ մենք ունենք կորցրած շրջաններ 1992-1994 թվականներին՝ Շահումյանի շրջանը, Մարտակերտի շրջանի որոշ գյուղեր, Մարտունու մի փոքր հատված: Ապրիլյան այս օրերին բանակը հնարավորություն ուներ այդ խնդիրները լուծելու, բայց քաղաքական կամքը չբավարարեց, հատկապես մի քանի ուղղություններով բանակը լրիվ ջախջախել էր հակառակորդին»,- ասում է նա:

Դավիթ Իշխանյանի գնահատմամբ` տարածքների վերադարձի մասին խոսակցությունները հայ քաղաքական մտքի և հայ հասարակության նկատմամբ իրականացվող քաղաքական դիվերսիաներ են:

«Տարածքների վերադարձի մասին որևէ քննարկում չի կարող մեզ համար ընդունելի լինել, սա ուղղակիորեն ու հստակ շեշտադրում եմ անում: Տարածքների վերադարձ հասկացությունը մեզ համար երկու ճանապարհ է՝ կա՛մ ուղղակի պատերազմ, կա՛մ ուղղակի Ղարաբաղի կապիտուլյացիա: Կոշտ եմ ասում, բայց` անկեղծ»,- ասում է Իշխանյանը: