Լավրով. Ղարաբաղի քաղաքական կարգավորումն այլընտրանք չունի

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը համարում է, որ այսօր հրադադարի խախտումները կանխելու գործուն մեխանիզմների մշակումը Լեռնային Ղարաբաղում առաջնահերթություն է:

Չորեքշաբթի ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում նա նաև հայտարարել է, որ առաջիկայում նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպում կազմակերպել:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ նույնիսկ անցյալ ամսվա լարվածության բռնկումից հետո Մոսկվան, որը Վաշինգտոնի և Փարիզի հետ միասին համանախագահների խմբի երկրներից մեկն է, բարդ, բայց հնարավոր է համարում ունենալ «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական կարգավորման գաղափարների փաստաթղթային ձևակերպումը»:

«Հավանաբար, կրքերը պետք հանդարտվեն, դա հասկանալի է: Սակայն քաղաքական գործընթացը, քաղաքական կարգավորումը այլընտրանք չունեն»,- ընդգծել է Լավրովը:
Ռուսաստանի արտգործնախարարի այս հայտարարությունները հնչել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող լարվածության ֆոնին, որտեղ հայկական և ադրբեջանական կողմերը մեղադրում են միմյանց չորս օր տևած զինված դիմակայությունից հետո ապրիլի 5-ին ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածության պայմանները խախտելու մեջ:

Photo: www.mfa.am
Էդվարդ Նալբանդյան/ Photo: www.mfa.am

Ապրիլի 2-5-ը Լեռնային Ղարաբաղում 1994 թ.-ից ի վեր աննախադեպ լարվածության աճի պայմաններում երկու կողմերից մի քանի տասնյակ զինծառայողներ զոհվեցին:
Իսկ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովը չորեքշաբթի Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցած Արևելյան գործընկերության հանդիպման ընթացքում փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել:

Ադրբեջանական տարածքների «հայկական օկուպացիայի» մասին Մամեդյարովի երկարաշունչ ելույթին ի պատասխան Նալբանդյանը մեղադրել է Բաքվին մարդասպաններին հերոսացնելու մեջ` հիշեցնելով 2004 թ. Հունգարիայում ՆԱՏՕ-ի կազմակերպած դասընթացների ժամանակ ադրբեջանցի զինծառայողի կողմից քնած հայ սպային կացնահարելը: Մարդասպան Ռամիլ Սաֆարովը, որը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, 2012 թ. արտահանձնվեց Ադրբեջանին և Ադրբեջանի նախագահի կողմից ներման արժանացավ` ազգային հերոս հռչակվելով:

Elmar Mammadyarov (Photo: mfa.gov.az)
Էլմար Մամեդյարով / Photo: mfa.gov.az

Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ այժմ էլ Բաքուն անցել է Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ, լավ պատրաստված ռազմական ագրեսիվ գործողությունների, որոնց ընթացքում խրախուսվում են դաժանությունները: Նա, մասնավորապես, վկայակոչել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից երեք հայ զինվորներին գլխատելը և նրանց գլուխները Ադրբեջանի գյուղերում և քաղաքներում ցույց տալը, ինչպես նաև այլ վայրագություններ:

ԵՄ Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի (Չեխիայի Հանրապետության, Հունգարիա, Լեհաստան և Սլովակիա) արտգործնախարարների հանդիպմանը Նալբանդյանը, մասնավորապես, ասել է. «Չնայած Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կողմից կնքված զինադադարի հաստատման վերաբերյալ 1994 թ. և հրադադարի ամրապնդման 1995 թ. եռակողմ համաձայնագրերն անվերապահ կատարելու վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների պարբերական կոչերին՝ Բաքուն փորձեր է կատարում կասկածի տակ դնելու այդ համաձայնագրերի վավերականությունը` ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ում համապատասխան նամակներ տարածելու ճանապարհով: Այդ փորձերը ձախողվեցին Մինսկի խմբի համանախագահ երկրների արագ արձագանքի շնորհիվ, որոնք կոչ արեցին ամբողջովին հարգել 1994-1995 թթ. զինադադարի համաձայնագրերը:

Ադրբեջանը շարունակում է զինադադարի խախտումները` շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացնելով ծանր զինտեխնիկա և զորքեր, առավել ուժգնացնելով իր ռազմատենչ հռետորաբանությունը և իրականացնելով սադրիչ քարոզչություն միջազգային հարթակում` փորձելով հայկական կողմին մեղադրել այն ամենում, ինչ հենց ինքն է անում՝ այդպիսով փորձելով հող նախապատրաստել նոր ռազմական հարձակումների համար, որոնք կարող են ունենալ անկանխատեսելի հետևանքներ ողջ տարածաշրջանի համար»: