Ընդդիմադիր պատգամավոր. Հայաստանը չպետք է հետաձգի Ղարաբաղի ճանաչումը

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը չի բացառում, որ կառավարության հավանությանն արժանանալուց հետո էլ Ազգային ժողովը կարող է մերժել Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին օրինագիծը:

«Շատ պատգամավորներ հրամանի, ոչ թե խղճի թելադրանքով են շարժվում, այդ պատճառով ես անակնկալի չեմ գա, եթե այն չընդունվի Ազգային ժողովում»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա, հավելելով, որ իրավիճակը ամեն րոպե փոխվում է, և հարցը իրավիճակի համատեքստում է, իսկ ինքը կցանկանար, որ գործողությունների և քայլերի հստակ ժամանակացույց լիներ:

Այսօր Հայաստանի Կառավարությունը հավանություն տվեց Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին օրինագծին, որի համահեղինակներն են Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանը:

Օրինագիծը այժմ պետք է քննարկվի և քվեարկության դրվի Հայաստանի խորհրդարանում:

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ասաց, որ կառավարության եզրակացությունը պայմանավորված էր բանակցությունների արդյունքով` հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում՝ արտաքին գործոնները:

Քոչարյանը, անդրադառնալով բուն ճանաչման գործընթացին, նշեց, որ եթե Ադրբեջանը փորձի խուսափել զինադադարի հաստատման ռեժիմից և նոր ագրեսիա ծավալի, ապա հարցը միանշանակ օրակարգ կմտնի:

Հատկանշական է, որ Ադրբեջանը զգուշացրել է, որ Լեռնաիյ Ղարաբաղի ճանաչման օրինագծի լիակատար ընդունումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացի ավարտը կնշանակի:

Փոստանջյանի համոզմամբ էլ` Ադրբեջանն արդեն իսկ խախտել է իր ստանձնած միջազգային պարտավորությունները, երբ ՄԱԿ-ին ուղղված նամակով հրաժարվել է 1994-ին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրված զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրից, ինչի դեպքում սպասելն իմաստ չունի:

«Մենք այս պահին իրավունք չունենք սպասելու: Ադրբեջանը խախտել է, հրաժարվում է զինադադարից, և այդ հարցով անգամ դիմել է նաև ՄԱԿ-ին: Այս պարագայում ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը: Բանակցություն այսօր գոյություն չունի: ԼՂՀ-ի ճանաչումն այլընտրանք չունի»,- եզրափակեց պատգամավորը:

Ուշագրավ է, որ այսօր այս հարցին անդրադարձել է նաև Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը` ասելով, թե Երևանը Մոսկվայի հետ չի քննարկել Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու օրինագծի ընդունումը:

Նա հավելել է. «Անկասկած, մենք նախկինի պես հույս ունենք, որ հակամարտուղ կողմերը կխուսափեն այնպիսի քայլերից, որոնք կարող են խախտել բավական փխրուն հրադադարը, և, ընդհանուր առմամբ, կհանգեցնեն Լեռնային Ղարաբաղում լարվածության սրմանը»: