Սարգսյանը հայտարարում է հաղթանակի մասին, միասնության կոչ անում

Photo: www.president.am

Նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում հայերը հաղթել են «մեր միասնական կամքի ու մեր հավատի» շնորհիվ»:

Չորեքշաբթի Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպմանը հանրապետության նախագահը պատասխանել է ապրիլի 2-5-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հետ թեժ մարտերի ընթացքում հայկական բանակի գործողություններին, ինչպես նաև բանակցային գործընթացի հեռանկարին վերաբերող հարցերին:

«Թող ոչ ոք չկասկածի՝ մենք վստահ քայլերով հասնելու ենք մեր բոլոր նպատակների իրականացմանը»,- ասել է Սարգսյանը` նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ:

«Ապրիլի սկզբին մենք հաղթել ենք, հաղթել ենք մեր միասնական կամքի ու մեր հավատի շնորհիվ: Մեր հաղթանակները շարունակվելու են, շարունակվելու են բոլոր ոլորտներում: Այսօր ձեզնից՝ Հանրային խորհրդի անդամներից, ես ակնկալում եմ ձեր մասնաբաժին աջակցությունը մեր հետագա հաղթանակների ապահովման գործում:

Մենք նախ և առաջ մեր հանրության շրջանում պետք է վառ պահենք հաղթանակի բերկրանքը, հավատը սեփական ուժերին, մեզնից յուրաքանչյուրը պետք է դառնա միասնության քարոզիչ, միավորող առաջնորդ: Երբ մենք միասին ենք ու վստահ մեր ուժերին, ոչ ոք մեզ չի կարող վնասել: Իսկ մենք այսօր միասին ենք ու վստահ մեր ուժերին: Ուրեմն՝ մեր հրապարակային գործունեությամբ, մեր խոսքով ու գործով անենք այնպես, որ վաղն էլ նույն եռանդով միասնական ու վստահ լինենք»,- ընդգծել է Հայաստանի ղեկավարը:

Ավելի քան 90 հայ զինվոր է զոհվել, ավելի քան 120-ը վիրավորվել անցյալ ամսվա սկզբին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած նախահարձակ լայնածավալ գործողությունների ընթացքում: Հայկական ռազմական գերատեսչությունները պնդում են, որ զոհվել է մինչև 1500 ադրբեջանցի զինծառայող, վիրավորվել շուրջ 3000-ը, ինչպես նաև ոչնչացվել է զգալի քանակությամբ հակառակորդի զինտեխնիկա, այդ թվում` տանկեր, մարտական զրահամեքենաներ, հրետանի, անօդաչու թռչող սարքեր և ուղղաթիռներ: Ադրբեջանը, որտեղ զոհերի մասին տեղեկատվությունը համարվում է փակ, ընդունել է միայն 31 զոհված զինծառայողների փաստը, այն դեպքում, երբ անկախ աղբյուրները խոսում են ղարաբաղյան բախումների ընթացքում գրեթե 100 զոհված ադրբեջանցի զինծառայողների մասին:

Ռազմական գործողություններից անմիջապես հետո Ստեփանակերտում և Երևանում ղեկավարությունը խոստովանել է անվտանգության գոտում «ռազմավարական կարևոր նշանակություն չունեցող» որոշ տարածքներ կորցնելու մասին: Սակայն ըստ հաջորդող շաբաթների ընթացքում չհաստատված տեղեկությունների` Ղարաբաղի զինված ուժերին հաջողվել է հետ վերադարձնել կորցրած տարածքների մեծ մասը:

Ապրիլի 22-ին Bloomberg-ին հարցազրույցում տված նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, որ ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ինչ-որ հատվածը ճեղքելն էր, այդտեղով ռեզերվներ մտցնելով ծավալվելը, ապա Հայաստանի ղեկավարությանը «ուլտիմատում ներկայացնելը», որը Բաքվին չհաջողվեց:

Նախագահ Սարգսյանի երեկ արված դիտողությունները հնչել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող լարվածության ֆոնին, որտեղ չնայած ապրիլի 5-ին կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությանը` գրեթե ամեն օր նոր զոհեր են լինում: Ադրբեջանի առաջնորդները, որոնք ներկայացնում են ապրիլյան իրադարձությունները որպես «Հայաստանի կողմից ագրեսիային հաջողությամբ դիմակայում», շարունակում են իրենց ռազմատենչ հռետորաբանությունը` սպառնալով խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: