Ադրբեջանը զինտեխնիկա է կուտակել Նախիջևանում` ասել է պատգամավորը

Վերջին օրերին տարբեր աղբյուրներ նշում են, որ հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում հակառակորդի զինտեխնիկայի որոշակի կուտակումներ կան: Այսպիսի հայտարարություն է արել նաև ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Նահապետյանը նշեց, որ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը տիրապետում են իրավիճակին:
«Մեր զորախմբերը, զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներն ամբողջապես պատրաստ են ցանկացած հարձակում դիմագրավելու, և այդ առումով ուզում եմ վստահեցնել նաև հանրությանը, որ մեր զինված ուժերի մարտունակության մակարդակը շատ բարձր է, և բոլոր այն նոր մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնք կարող են առաջ գալ կոնկրետ նաև ձեր նշած ուղղությամբ, այդ կապակցությամբ ուղղակի պետք է հանգիստ լինենք, որովհետև իրապես մենք վերահսկում ենք կոնկրետ համապատասխան տարածքում»,- ասաց նա:

Նահապետյանն անդրադարձավ նաև օրեր առաջ ԱԺ-ում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և պատգամավորների հանդիպմանը, նշելով, հանդիպմանն անդրադարձ է եղել բազմաթիվ խնդիրների, սակայն ինքը չի կարող մանրամասներ հրապարակել:

«Ցավով պետք է արձանագրեմ, որ այդ դռնփակ հանդիպման առանձին նյութեր հրապարակվել են, և այդ առումով ինձ համար ուղղակի անհասկանալի է մեր որոշ գործընկերների պահվածքը, երբ հայտարարվում է, որ քննարկումը փակ է, և առանձին գործընկերներ հրապարակել են որոշակի տեղեկություններ, որի իրավունքը, բնականաբար, չունեին»,- նշեց նա` հրաժարվելով անուններ նշելուց:

Թեև այս շաբաթվա սկզբից Ղարաբաղում հարաբերական անդորր է, այնուամենայնիվ պետք է նշել, որ ըստ պաշտոնական տեղեկատվության` նման կուտակումներ են նկատվում նաև Արցախի ուղղությամբ: