Ճանաչման մեխանիկա. Ղարաբաղին առնչվող օրինագիծը օրենք դառնալու համար երկար ճանապարհ ունի անցնելու

Photo: Photolure

Եթե Հայաստանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, ապա երեկ կառավարությունում քննարկած օրինագիծը պետք է դեռևս մի քանի օղակ էլ անցնի` մինչև օրենք դառնալը:

Ինչպես իր ֆեյսբուքյան էջի գրառմամբ պարզաբանել է Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը, այն դեպքերում, երբ օրենսդրական նախաձեռնությունն Ազգային ժողովի պատգամավորներինն է, ապա նախագիծն ուղարկվում է ՀՀ Կառավարություն՝ դրա մասին եզրակացություն ստանալու համար, որից հետո կառավարությունը քննարկում է պատգամավորների հեղինակած նախագիծն ու այդ մասին ընդունում որևէ եզրակացություն (տվյալ դեպքում ընդունված եզրակացությամբ հավանություն չի տրվել):

«Եզրակացությունն ընդունելուց հետո նույն եզրակացությունն ուղարկվում է Ազգային ժողով. ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Կառավարությունն ուղարկում է ոչ թե օրենքի նախագիծը, քանի որ Կառավարությունը դրա հեղինակը չէ, այլ միայն իր եզրակացությունը: Իսկ օրենքի նախագիծն արդեն Ազգային ժողովում է, քանի որ դրա հեղինակները հենց Ազգային ժողովի պատգամավորներն են: Նշված նախագծի հետագա ճակատագիրը որոշվում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով, ըստ որի, նախագիծը պետք է 30-օրյա ժամկետում քննարկվի համապատասխան գլխադասային հանձնաժողովում (տվյալ դեպքում` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով), ընդունվի եզրակացություն, որից հետո տեղ գտնի ՀՀ ԱԺ լիագումար՝ քառօրյա նիստերի օրակարգի նախագծում: Կանոնակարգն Ազգային ժողովին թույլատրում է ընդունել երեք որոշումներից մեկը՝ ընդգրկել օրակարգ, հետաձգել, մերժել»,- տեղեկացրել է Բաբայանը:

Ի վերջո, հասկանալի է, որ այս օրինագիծը կարող է ԱԺ մեծ օրակարգում մնալ անորոշ ժամանակով, և դրան կրկին անդրադարձ լինի հարկ եղած պահին։

Նախկինում, երբ այս օրինագիծն ԱԺ-ում հասել է քվեարկության փուլ, պահի քաղաքական նկատառումներից ելնելով, խորհրդարանական մեծամասնությունը այն փաստացի տապալում էր` քվորում չապահովելու միջոցով։ Օրինագծի դեմ ոչ ոք չի քվեարկել, սակայն այն նաև բավարար թվով ձայներ չի ստացել։

Սակայն եթե նույնիսկ օրենքն ընդունվի խորհրդարանի կողմից, միևնույն է` այն դեռ պետք է ստորագրի նախագահը։

Հինգշաբթի երեկոյան իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ Հայաստանի նպատակն է ԼՂՀ միջազգային ճանաչումը, որի համար արվելու է ամեն ինչ։

«Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում էլ ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ասել է, որ առաջիկայում ԼՂՀ ճանաչումների շարանը շարունակվելու է: Միրզոյանը կարևորել է Արցախի միջազգային ճանաչումը, նշելով, որ դա կարող է դրական ազդեցություն ունենալ նաև բանակցային գործընթացի վրա:

Մինչ այս ԼՂՀ անկախությունը ճանաչել են մասամբ ճանաչված պետություններ՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի Հանրապետությունները, ինչպես նաև չճանաչված Մերձդնեստրի Հանրապետությունը, Ավստրալիայի` բնակչությամբ ամենամեծ նահանգը՝ Նոր Հարավային Ուելսը, ինչպես նաև ԼՂՀ անկախության ճանաչման կոչ (ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին) պարունակող հռչակագրեր ընդունել են ԱՄՆ-ի մի քանի նահանգների՝ Ռոդ Այլենդի, Մասաչուսեթսի, Մենի, Լուիզիանայի և Կալիֆորնիայի օրենսդիր մարմինները։ Իսկ ԱՄՆ-ի Հավայիի նահանգի Օրենսդիր ժողովն ԼՂՀ անկախությունը ճանաչող բանաձև ընդունեց ԼՂՀ-ում ապրիլի սկզբին վերսկսված ռազմական գործողություններից մի քանի օր առաջ։