Զսպո՞ղ, թե՞ սադրիչ. գործիչներն ասում են` ԼՂՀ ճանաչումը չի կանխի Ադրբեջանի ագրեսիան

Արմեն Մարտիրոսյան, Խոսրով Հարությունյան /Photo: Photolure

Այսօր Լեռնային Ղարաբաղի ճանաչումը չի կանխի Ադրբեջանի ագրեսիան` լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը.

«Այժմ, քանի դեռ բանակցային գործընթացները շարունակելու հնարավորություն կա, Լեռնային Ղարաբաղի ճանաչումը կարող է անիմաստ դարձնել դրանք, ուստի ճանաչման խնդիր դեռ չկա»,- ասաց նա, հավելելով, որ այս հարցն օրակարգում պահելը լավ խաղաքարտ է Ադրբեջանի արկածախնդրությունը զսպելու համար:

«Ադրբեջանը պետք է գիտակցի, որ եթե ռազմական գործողություններ սկսի Լեռնային Ղարաբաղի ճանաչումից հետո և որևէ հաջողության չհասնի, բանակցային գործընթացները լրիվ այլ, իրենց համար անցանկալի ելակետերից են սկսելու»,- նշեց նա:

Հարությունյանը նաև հավելեց, որ ճանաչումը պրոցես է, որը կարող է ցանկացած պահի տեղի ունենալ` կախված արտաքին գործոններից, ինչի հնարավորությունը նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես չի հերքել իր խոսքում:

«Բացի այդ, առանց մեր հիմնական գործընկերների, ռազմական դաշնակիցների հետ քննարկման դա տեղի չի ունենա»,- նշեց բանախոսը:

Ասուլիսի մյուս բանախոս «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը համաձայնեց, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը հակառակորդի ագրեսիան կանխելու միջոց չէ:

«Պատերազմական գործողությունները կարելի է կանխել ոչ թե Արցախի ճանաչմամբ, այլ ուժերի հավասարակշռմամբ, այսինքն` այս դեպքում զինուժով և սպառազինությամբ Հայաստանին գերազանցող Ադրբեջանը ինքն է նախահարձակ լինելու, իսկ մեր խնդիրը պատշաճ սպառազինություն ունենալն է»,- ասաց Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ ներկայումս ճանաչման գործընթացը տեղի չի ունենա, և հնարավոր է` օրենսդրական նախաձեռնության ընթացակարգը քվեարկության փուլ չհասնի: