Մատաղիսում. ապրում ենք (նորից) պատերազմի հետ

Photo: Nazik Armenakyan/ArmeniaNow.com

Մատաղիսի այգիներում երեխաների փորած խրամատներն են, որտեղ նրանց սիրած «պատերազմ» խաղը ընդմիջել է իրական պատերազմը: Սահմանից հնչող կրակոցներին նրանք սովոր են դեռ օրորորից, իսկ ավելի հասուն տարիքում բոլորը ցանկանում են զինվոր դառնալ:

«Էրեխեքը խոսում են սմերչից ու բեսպիլոտնիկից, ու ընենց չի, որ ծնողն ա ըտենց նրանց դաստիարակում: Նրանց մանկությունն անցնում ա հենց էս կիսապատերազմական միջավայրում, որտեղ մյուս կողմից էլ` օդը, հողն ու ջուրը առավել քան հագեցած ու լցված են հայրենասիրությամբ: Ուզես էլ` ուրիշ ձև դաստիարակել չի ըլնի: Ուրեմն որ վիրավորվել էի, փոքր տղես 4 տարեկան է, հետը որ հիվանդանոցից խոսում էի, ասում էր. «Պապ, ավտոմատը վերցրել ենք, էթանք թուրքին սպանենք…»- պատմում է ապրիլի 2-ի գիշերը օդային հրետանու հարձակման հետևանքով իրանի ու լյարդի շրջանում հրազենային վիրավորում ստացած Մատաղիս համայնքի ղեկավար Զավեն Ավանեսյանը:

Photo: Nazik Armenakyan/ArmeniaNow.com
Զավեն Ավանեսյանը/ Photo: Nazik Armenakyan/ArmeniaNow.com

ԼՂՀ հյուիսարևմտյան հատվածում գտնվող Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղը գտնվում է Թարթառ գետի ձախ ափին` Ստեփանակերտից 30, իսկ Թալիշից` 12 կմ հեռավորության վրա: Քառօրյա պատերազմի հետքերը կրում է նաև Մատաղիսը, սակայն այստեղ նույնպես մերժելով պատերազմը՝ շարունակում են ապրել:

Զավեն Ավանեսյանը օրեր առաջ է դուրս գրվել հիվանդանոցից: Ապրիլի 2-ի վաղ առավոտյան, երբ ադրբեջանական զինուժի կողմից սկսվում է գյուղի հրետակոծումը, Ավանեսյանը դուրս է գալիս տնից՝ գյուղի բնակիչների տարհանումը կազմակերպելու նպատակով, սակայն չի հասցնում:

«Առաջին արկը անցավ գլխավերևովս, երկրորդը` ուղիղ մեքենայիս վրա, ինչի պատճառով էլ բեկորային վիրավորում ստացա: Ընդհանուր գյուղի տարածքում մի 300 արկ ընկած կլինի էլի, դե մենք ինչ անենք, որ քոռ շան տղերք են,- ծիծաղելով պատմում է համայնքի ղեկավարը: – Ամեն դեպքում, փառք Աստծո, գյուղում մահ չունեցանք, ընդամենը երեք վիրավոր, բոլորս էլ արդեն լավ ենք: Իհարկե, խուճապ էղավ, մարդիկ չէին սպասում նման անսպասելի հարձակման: Բնակչության գույքային վնասները շատ չեն, գյուղում հիմնականում ենթակառուցվածքներն են ավելի շատ տուժել»:

Մատաղիսն ունի 640 բնակիչ, դպրոցում աշակերտների թիվը շուրջ 100 է, մանկապարտեզ է հաճախում ավելի քան 40 երեխա: Առաջին պատերազմի հետքերը դեռ չսպիացած` Մատաղիսը նորից թեժ կետում է, ու ինչպես են իրենք են ասում՝ պատերազմը թույլ չի տալիս իրեն մոռանալ:

Գյուղից տարհանել են կանանց, երեխաներին ու ծերերին, 22 տարվա ընթացքում գյուղը տեղահանվում է երկրորդ անգամ:

«Անվտանգությունից ելնելով, քանի որ ընդամենը բանավոր պայմանավորվածությամբ է կրակը դադարեցվել, ինչն էլ հենց առաջին օրից խախտում են: Տղամարդկանցով գյուղում ենք, զորամասն էլ կա, հենա հսկում ենք մեր գյուղը»,- ասում է երեք երեխայի հայր Ավանեսյանը:

1991-92 թվականներին համառ մարտեր են մղվել Մատաղիս և Լեոնարխ գյուղերի ուղղությամբ, երբ 92-ին հակառակորդը գրավել է գյուղը, մատաղիսցիները բռնագաղթում են Հայաստանի և Արցախի տարբեր շրջաններ: Հենց նույն թվականին էլ Ստեփանակերտում կազմավորվում է մատաղիսցիների կամավորական ջոկատը, որն առանձին ջոկատների, ապա պաշտպանության բանակի ստորաբաժանումների կազմում մասնակցում է Արցախի տարբեր շրջանների ազատագրական մարտերին։ 94-ի ապրիլին պաշտպանության բանակի և Էջմիածնի կամավորական ջոկատի ուժերով ազատագրվում է գյուղը, իսկ արդեն օգոստոսից սկսվում է Մատաղիսի վերաբնակեցումը։

Photos by Nazik Armenakyan/ArmeniaNow.com

Նախորդ պատերազմից հետո Մատաղիսում են վերաբնակվում 8 ընտանիք Չայլու գյուղից: Ավանեսյանն ասում է, որ համայնքը զարգանում էր, երիտասարդ ընտանիքներին ապահովել էին սոցիալական բնակարաններով, աշխատանքով:

«22 տարի անց բնակիչների թիվը չի ավելացել, սակայն վերջին 5-6 տարիներին Մատաղիսը մեծ զարգացում է ապրել: Ու էնպես չի, որ էդ զարգացումը էս պատերազմով կանգ առավ, սրանից հետո էլ ավելի ենք զարգացնելու, ու ավելի լավ ա լինելու»,- ասում է նա:
Մատաղիսցի տղամարդկանցով հավաքվել են 22 տարի առաջ Չայլուից Մատաղիս տեղափոխված 35-ամյա Խաչիկ Առաքելյանի տանը: Սեղանի շուրջ զրույցը դարձյալ պատերազմն է, հետագա անելիքներն ու դիմակայելը:

«Թալիշին որ խփում էին, ձեները մինչև ստեղ էին հասնում, հետո սկսեցին մեր ձորի մեջ խփել, մեկ էլ տենանք` Թալիշից ավտոներ են, որ իջնում են: Սկսեցինք արագ հավաքվել, կարևորը ընտանիքներին տարհանելն էր: Զանգեցի հորս, աղբորս, բոլորն էլ գյուղում են ապրում, մի ավտոյով հայրս հավաքեց էրեխեքին ու տեղափոխեց կողքի Մաղավուզ գյուղը»,- պատմում է երեք երեխայի հայր Առաքելյանը:
Նա ասում է, որ հակառակորդի նշանակետերն էին Մատաղիսում տեղակայված զորամասը, հիդրոէլեկտրակայանը:

«Թալիշի մոտի դիրքերից խփում էին Մատաղիսին 13 կմ հեռավորությունից, բայց իրենք ընտեղից կարողանում էին անգամ Մաղավուզի ճամփին խփել՝ 35 կմ: Ընտանիքիս տարհանելուց հետո դուրս եմ եկել, որ գնամ հերթափոխի, ես աշխատում եմ Արցախ հէկում, մեկ էլ տենամ` սնարյադը ուղիղ գէսին [հէկ]: Առաջին գէսը վնասեցին, երկրորդ գէսին չկարողացան ճիշտ խփել: Իհարկե, արդեն վերանորոգել ենք»,- ասում է նա:
Խաչիկ Առաքելյանը ապրում է երիտասարդ ընտանիքների համար կառուցված նոր թաղամասում: Ասում է, որ տասը տարի ապրելուց հետո բնակարանը ԼՂՀ կառավարության իրականացրած սոցիալական ծրագրով դառնում է իրենցը:

«Արդեն վեցերորդ տարին է՝ ստեղ ենք ապրում: Ես ուրիշ տեղ էլ չեմ գնա, թեկուզ էս վիճակում էլ վերջնական սահման լինի, ես չեմ վախում: Մի անգամ 14 տարեկանում Չայլու գյուղն եմ կորցրել, հիմա չեմ պատրաստվում մի անգամ էլ գյուղ ու տուն կորցնել: Չայլուն հայկական գյուղ էր, ադրբեջանցիները մեր հովիվներն էին: Մատաղիսը վերջանում է, սկսվում են Չայլուի հողատարածքները: Գյուղը հիմա չեզոք գոտում է: Էրեկ եմ գնացել էրեխեքիս տեսնելու, տղես ասում ա` պա՛պ, ինձ հետդ տո՛ւն տար, ասում եմ` թող մի քիչ էլ անցնի նոր, նա էլ թե` դե, սկայպ միացրա, մեր տունը մի հատ գոնե տենամ»,- պատմում է Առաքելյանը:

Զավեն Ավանեսյանի հայրն էլ ՝ 67-ամյա Սյոմա Ավանեսյանը, հիշում է, ինչպես 1989-ին ընտանիքը Մինգեչաուր քաղաքից հասցրեց տեղահանել ու բերել Մատաղիս, հետո նորից տեղահանվեցին՝ 1992-ին դեպի Ստեփանակերտ: Գյուղն ազատագրելուց հետո միայն կրկին վերադառնում են Մատաղիս:

«Մինգեչաուրում ես ու կինս աշխատում էինք դպրոցում: Երբ շարժումն սկսվեց, վտանգը գնալով մեծանում էր: Հայերի բնակարանների դռների վրա կլոր շրջանակներ էին անում, որ գիշերները հարձակվեին: Մեր տան դիմաց հայ կոշկարարի բուդկա կար, շշով բենզինը լցրին ու պայթեցրին, դրանից հետո արդեն դուրս էկանք քաղաքից»,- պատմում է չորս երեխայի հայրը:

Մատաղիսցիները դեմ են տարածքներ հանձնելուն, խաղաղապահներին, փոխարենը պահանջում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը:

«Թող ճանաչեն, որ վերջ դրվի էս պատերազմին, ժողովուրդն իմանա, որ էս տարածքի վրա հարձակում ու կրակոց չեն լինելու, մարդիկ վստահ լինեն իրենց անվտանգության համար ու հանգիստ ապրեն իրենց հողերում»,- ասում է Սյոմա Ավանեսյանը: