Ղարաբաղ. կրակի դադարեցման պայմանավորվածությունը տոնական օրերին հիմնականում պահպանվել է

Photo: Photolure

Չնայած անկանոն բնույթի կրակահերթերին` անցյալ ամսվա սկզբին Լեռնային Ղարաբաղում թեժ մարտական գործողություններից հետո ձեռք բերված փխրուն հրադադարը մայիսի 8-9-ին` Հայաստանում, ինչպես նաև Ադրբեջանում նշվող անցյալ պատերազմների հաղթանակների օրը, հիմնականում պահպանվել է:

Ավելի վաղ մի շարք առաջատար վերլուծաբաններ և փորձագետներ չէին բացառել, որ Ադրբեջանը, որը զորքեր է կուտակել Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմաններին, տոն օրերի ընթացքում կփորձի նոր հարձակում ձեռնարկել:

Ապրիլի 2-5-ը Ղարաբաղում երկու կողմերից մի քանի տասնյակ զինծառայողներ զոհվեցին և վիրավորվեցին 1994 թ. զինադադարի հաստատումից հետո աննախադեպ լարվածության հետևանքով: Նույնիսկ հակամարտող կողմերի միջև կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում շարունակում են նոր զոհեր գրանցվել:

Ստեփանակերտում ու Երևանում ռազմական իշխանությունները կրկին մեղադրել են Ադրբեջանին մայիսի 7-9-ը Ղարաբաղում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև նռնականետներից և ականանետներից կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտելու մեջ, բարեբախտաբար, զոհեր չեն եղել: Նրանք ասել են, որ հայկական զորքերը շարունակում են իրավիճակը վերահսկողության տակ պահել:

Մինչդեռ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մայիսի 8-ին հայկական զինված ուժերի հետ փոխհրաձգության հետևանքով զոհվել է իր զինծառայողներից մեկը: Այն նաև նշել է, որ ապրիլի սկզբին տեղի ունեցած բախումների ժամանակ վիրավորված Ադրբեջանի զինված ուժերի սպան հանգստյան օրերին մահացել է Բաքվի զինվորական հոսպիտալում:

Մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սահմաններին ստեղծված իրավիճակը գնահատել է «համեմատաբար հանգիստ»: Նա նշել է, որ ադրբեջանական ուժերի զինադադարի խախտման դեպքերին արժանի հակահարված է տրվել: