
Հայաստանում է գտնվում Եվրամիության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը: Նա հանդիպումներ է ունեցել Հայաստանի նախագահի, արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հետ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարի հետ:
Հանդիպումների ընթացքում հայ պաշտոնատար անձինք կոչ են արել ԵՄ-ին հետաքննել և պատժել ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի ռազմական հանցագործությունների համար մեղավորներին: Հերբերտ Զալբերն առարկել է, ոչ մեղադրանքներ են հնչում երկու կողմերից, և ԵՄ-ին հստակ գնահատականներ տալու համար անհրաժեշտ են հետաքննության մեխանիզմներ:
Ղարաբաղյան հակամարտության գործում ԵՄ-ի դերակատարությունը երկար տարիներ հանգում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը սատարելուն և տարածաշրջանում վստահության մթնոլորտ ստեղծելուն: ԵՄ-ն զգալի դրամաշնորհներ էր հատկացնում քաղաքացիական հասարակությանը` փորձելով զարգացնել ժողովրդական և խորհրդարանական դիվանագիտությունը: Սակայն առկա է հայերի և ադրբեջանցիների միջև շփումների գրեթե լիակատար բացակայությունը, իսկ ապրիլյան պատերազմից հետո վստահության մթնոլորտը ամբողջությամբ վերացել է:
Ի՞նչ քայլեր է մտադիր ձեռնարկել ԵՄ-ը որպես աջակցություն ղարաբաղյան կարգավորման: Դատելով Զալբերի և հայ պաշտոնատար անձանց հայտարարություններից` ԵՄ-ից ակնկալվում է զսպման մեխանիզմների ներդրում, այդ թվում` միջադեպերի հետաքննության համար սարքերի:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ԵՄ ներկայացուցչի հետ հանդիպմանը նշել է, որ բանակցությունները վերսկսելու համար անհրաժեշտ է բացառել Ադրբեջանի ագրեսիայի կրկնության հավանականությունը, ապահովել 1994-1995 թթ. զինադադարի հաստատման և կատարման մասին անժամկետ եռակողմ պայմանագրերի կատարումը, ինչպես նաև ներդնել հետաքննության մեխանիզմներ:
ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը ԵՄ-ի հիշեցրել է, որ ԵՄ-ն հայտարարել է կողմերի միջև վստահության մթնոլորտի ստեղծման և ամրապնդման համար քայլեր ձեռնարկելու պատրաստակամության մասին: «Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ Ադրբեջանը սարսափելի հարված հասցրեց այդ վստահությանը: Միջազգային հանրության ջանքերը պետք է առաջին հերթին ուղղվեն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման չեզոքացմանը: Եվ միայն դրանից հետո մենք կարող ենք խոսել վստահությանն ուղղված քայլերի մասին»,- ասել է ԼՂՀ արտգործնախարարը:
Բոլոր վայրագությունները պետք է դատապարտել, իսկ մեղավորներին` պատասխանատվության ենթարկել` լրագրողների հետ զրույցում ասել է Զալբերը: «Մենք մեղադրանքներ ենք ստանում մի քանի կողմերից: Մեզ համար, որպես Եվրոպական Միության ներկայացուցիչներ, ինչպես և այլ միջազգային կազմակերպությունների համար բարդ է գնահատական տալ իրավիճակին: Մի բան պարզ է՝ մենք դատապարտում ենք տեղի ունեցած բոլոր վայրագությունները: Մենք կցանկանայինք, որ դրանք հետաքննելու հնարավորություններ ընձեռվեին` մեղավորներին պատժելու համար»: