Սպասել հարմար պահի. Հայաստանի ընդդիմադիր ուժերը դեմ են Ղարաբաղի մասին օրինագծի քվեարկությանը

Photo: Photolure

«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն այդքան էլ միանշանակ չի ընդունվում, և խորհրդարանական տարբեր ուժեր արդեն հասցրել են հայտարարել, որ հավանաբար չեն քվեարկի ընդհանրապես։

Ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն անցյալ շաբաթ ilur.am կայքում հրապարակված հոդվածում նշել է, որ «քանի դեռ Հայաստանը զուրկ է միջազգային կազմակերպությունների կամ թեկուզ մեկ գերտերության աջակցությունից, պետք է զերծ մնալ Ղարաբաղի անկախությունը միակողմանիորեն ճանաչելու խելահեղ մտքից»։

ՀԱԿ առաջնորդն ու կուսակցության մյուս անդամները դեռևս նախկինում էլ իրենց բացասական վերաբերմունքն էին արտահայտել ԼՂՀ անկախության ճանաչմանը։

Հայկական երկրորդ պետության ճանաչման հարցը բազմիցս բարձրացվել է, սակայն քաղաքական նկատառումներից ելնելով օրակարգ չի մտել։ Ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրմամբ այս հարցը կրկին օրակարգ բերվեց։ Սակայն ընդդիմադիր երկու պատգամավորների առաջարկած այս նախագիծը միանշանակ չի ընդունվում նաև իշխող Հանրապետական կուսակցության կողմից, որի ներկայացուցիչները նշում են, որ դեռևս այս հարցին վերջնական լուծում տալու ճիշտ ժամանակը չէ։

«Նոր չէ սա, սրա մասին հենց ամսի 2-ին արդեն իսկ մեր կողմից բարձրաձայնվել է, որ ռազմաքաղաքական համաձայնագրի հետ կապված կա նման անհրաժեշտություն, և նաև ՀՀ նախագահը դեսպանների հետ հանդիպման ժամանակ նորից այդ միտքը բարձրաձայնեց։ Կարծում եմ՝ այս պահին ժամանակավրեպ է այս նախագիծը։ Եթե որևէ պահի դրա անհրաժեշտությունը լինի, ես համոզված եմ՝ անձամբ կլսեք հանրապետության նախագահից»,- ասել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի կարծիքով էլ Արցախի անկախության ճանաչումն ընդամենը 3 րոպեի հարց է, սակայն պետք է հասկանալ, թե այս փուլում անկախության ճանաչումը մեզ ի՛նչ է տալու:

«Եթե դա մնացել է մեր միակ ոսկե փամփուշտը, որը մենք պետք է օգտագործենք հիմա, կօգտագործենք այս պահին: Եվ եթե դրան հետևելու է շքերթը Արցախի միջազգային ճանաչման, ուրեմն ես հենց հիմա կոչ կանեմ հրավիրել արտահերթ նիստ և ճանաչել Արցախի անկախությունը: Այստեղ կարևորը ճիշտ պահին մեր ոսկե հնարավորությունը ճիշտ օգտագործելն է»,- ասել է Զոհրաբյանը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքով էլ այս պահին քվեարկելն այնքան նպատակահարմար չէ։

«Այն միակ անգամը, որ մենք կքվեարկենք Ղարաբաղի ճանաչման համար, դա մեկ անգամ է լինելու, և մենք քվեարկելու ենք կողմ: Բայց երբ տեսնում ենք, որ պահը չի եկել, մենք համարում ենք, որ ավելի լավ է ընդհանրապես չքվեարկենք: Մեր ձեռքը չպիտի գնա դեմ քվեարկելու, անգամ ձեռնպահ քվեարկելու»,- ասել է Զուրաբյանը:

Հատկանշական է, որ որոշ քաղաքագետների կարծիքով Արցախի ճանաչման հարցի բարձրացումն արդեն իսկ հնարավոր է` զգոնացրել է հարևան հակառակորդ երկրին, և ԼՂՀ-ում վերջին օրերի համեմատաբար հանգիստ իրավիճակը հնարավոր է նաև սրանով պայմանավորված լինի։