Վերլուծաբան. 1994 թ. կնքված զինադադարի պայմանագիրը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման միակ ստորագրված փաստաթուղթն է

Նախօրեին, երբ ԵԱՀԿ առաքելությունը Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ուժեղացված դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիսարևմտյան ուղղությամբ, այդքան էլ ակնհայտ չէր, որ այդ «մշտադիտարկումը» վերաբերում է հակամարտող կողմերի միջև 1994-ին կնքված զինադադարի մասին պայմանագրին:

1994 թ. մայիսի 5-ին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպման ավարտին Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ստորագրեցին Բիշքեքյան արձանագրությունը, որով կոչ էր արվում կրակը դադարեցնել 1994 թ. մայիսի լույս 9-ի գիշերը:

Մայիսի 12-ին ուժի մեջ մտած փաստաթղթով կողմերը պայմանավորվում էին ապահովել հրադադար և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում:

Photo: Photolure
Photo: Photolure

Անցյալ ամսվա սկզբին ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմից հետո, երբ, ի դեպ, Թալիշի ուղղությունը զինված բախումների ամենաթեժ կետերից էր դարձել, կողմերն առավել հաճախ են հղում կատարում Մոսկվայում ապրիլի 5-ին ձեռք բերված կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությանը ու հենց այդ պայմանավորվածության խախտումներին, այլ ոչ թե 1994-ի զինադադարի պայմանագրին:

Ըստ «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի` ճիշտ 24 տարի առաջ` 1994 թվականի մայիսի 12-ին, ուժի մեջ մտած պայմանագիրը դեռ մնում է և երկար ժամանակ կմնա օրակարգում, քանի որ այն անժամկետ է:

«Մենք չունենք նմանատիպ գործող այլ պայմանագիր, որում կողմերը գրավոր համաձայնություն են տվել զինադադարի կնքման վերաբերյալ, այդ պատճառով դեռ կհիմնվենք այս պայմանագրի վրա»,- կարծում է քաղաքագետը:

Հատկանշական է, որ 1994-ի զինադադարի պայմանագրի նշանակությունը սկսել էր կասկածի տակ դրվել հատկապես Ադրբեջանի քայլերի պատճառով:

Մասնավորապես, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային և Անվտանգության խորհրդին ուղարկվել էր նամակ, որով Ադրբեջանը միակողմանիորեն չեղարկում էր 1994 թ. ստորագրված զինադադարի եռակողմ անժամկետ պայմանագիրը:

Օրերս էլ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Վիշեգրադյան քառյակի հանդիպումների ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հաղորդել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին այն մասին, որ ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում Ադրբեջանի դեսպանները գործել են սեփական նախաձեռնությամբ: