
Հայաստանում միջուկային զենքի հնարավոր առկայության մասին խոսակցությունները թեև պետական մակարդակով հերքվում են, սակայն արդեն հասցրել են հարևան պետությունում անհանգստության տեղիք տալ, իսկ Հայաստանն էլ միջազգային հանրության թիրախ դարձնել:
Օրերս Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը խորհրդարանական հայտարարությունների ժամին ասել էր, որ «Հայաստանը պետք է ստեղծի միջուկային զենք, հերիք ա, մենք մեզ պիտի պաշտպանենք»:
Միջուկային զենք ունենալու մասին ավելի վաղ խոսել էր գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արկադի Տեր-Թադևոսյանը՝ նույն ինքը Կոմանդոսը:
Այս խոսակցություններն արդեն իսկ իրական խուճապ են առաջացրել Ադրբեջանում, անգամ լուրջ բանավեճեր են ծավալվում տեղեկատվական տարբեր հարթակներում` արդյոք ունա՞կ է Հայաստանն իր գիտական ու արդյունաբերական ներուժով միջուկային զենք ստեղծելու: Ադրբեջանցիներն առաջ են բերում այն վարկածը, որ Հայաստանում հնարավոր է լինի այսպես կոչված «կեղտոտ ռումբ»:
«Կեղտոտ ռումբը նույնպիսի զանգվածային ոչնչացման զենք է, որում օգտագործվում են ռադիոակտիվ ճառագայթող նյութեր, զենքն արտադրվում է ռադիոակտիվ նյութերի բազայի վրա»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ շահարկելով ընդհուպ Մեծամորի ատոմակայանը փակելու հարցը:
Ադրբեջանն անհանգստացնող այս հարցը հասցրել է նույնիսկ միջազգային հանրությանը ներկայացնել, և ռուսաստանյան թերթերը տեղեկացնում են, որ չորեքշաբթի Եվրամիության դիվանագիտության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչը, մեկնաբանելով Հայաստանի՝ միջուկային զենք ունենալու մասին լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները, նշել է, որ «դա պետք է ստուգի»:
Հատկանշական է, որ Բագրատյանի խոսքերը չի հերքել նաև Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցության հետ համագործակցող Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ չորեքշաբթի լրագրողների հետ զրույցում լիովին հնարավոր է համարելով, որ Հայաստանը վաղուց կարող է ունենալ ատոմային ռումբ:
«Ամեն դեպքում մենք միջուկային գերտերության մաս ենք եղել: Հայտնի չէ, թե ինչպես է այն բաշխվել, այստեղ շատ մութ պատմություններ կան»,- ասել է Ռուստամյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը նախքան մեծ աղմուկ բարձրացնելը պետք է մտածի իր գերսպառազինության ու դրա վտանգների մասին, իսկ միջազգային հանրությանն էլ կոչ է արել սանձել Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները:
Սակայն միջուկային զենք ունենալու մասին բոլոր «հույսերը» ի դերև է հանել Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, նշելով, որ Հայաստանը խաղաղ նպատակներով` էլեկտրաէներգիա արտադրելու համար է օգտագործում ատոմային էլեկտրակայանը, և Հայաստանի իշխանությունները մտադիր չեն միջուկային զենք ստեղծել:
«Հայաստանից որևէ սպառնալիք չի բխում, քանի որ մենք խաղաղասեր երկիր ենք: Եթե ինչ-որ մեկը փորձում է տարածաշրջանում գտնել սպառնալիքներ, ապա պետք է իր հայացքը սևեռի Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությամբ ու դեպի հարավ` «Իսլամական պետություն»,– չորեքշաբթի լրագրողների հետ զրույցում ասել է Շարմազանովը` նշելով, որ Բագրատյանի խոսքերը պատգամավորի անձնական կարծիքն են:
Ըստ քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի՝ Բագրատյանի հայտարարություններն այս պահին այնքան էլ տեղին չեն:
«Կա քաղաքական մեկնաբանության և քաղաքական պատասխանատվության հարց: Ես չեմ կարծում, որ մի իրավիճակ, որը երկիրը դարձնում է տարբեր մեկնաբանությունների թիրախ, ձեռնտու է, մյուս կողմից` նաև ազատ հասարակություն է, և բոլորն էլ ունեն ազատ խոսքի իրավունք»,- ասում է Մինասյանը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը կփորձի հայկական կողմի յուրաքանչյուր վրիպում, երկիմաստ հայտարարություններն օգտագործել ի նպաստ իր շահերի:
Ուշագրավ է, որ այս օրերին ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, թե Տերտերի շրջանում գտել են հայկական կողմից արձակված սպիտակ ֆոսֆորային չպայթած արկ, ինչը սակայն հերքում է հայկական կողմը: