
«Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնյաները զգուշացրել են Հայաստանի մասնակցին երեքշաբթի գիշեր Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում առաջին կիսաեզրափակչի ավարտից հետո Լեռնային Ղարաբաղի դրոշը ծածանելու համար:
Գերմանաբնակ հայ երգչուհի Իվետա Մուկուչյանը, այսպես կոչված, կանաչ սենյակում, որտեղ մասնակիցները սպասում են իրենց ելույթի գնահատականին, արդյունքների քվեարկության և ամփոփման ժամանակ ծածանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը:
Եվրոպական հեռարձակողների միությունը, որը միավորում է հանրային հեռարձակողներին և հանդիսանում է ամենամյա մրցույթի կազմակերպիչը, չորեքշաբթի միջադեպը համարել է քաղաքական ուղերձների արգելքի «լուրջ խախտում»:
Այն նշել է, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերության դեմ կկիրառվեն պատժամիջոցներ, որոնք հետագայում դեռևս կհստակեցվեն, և որ «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթի ընթացքում կանոնների ցանկացած այլ խախտում կարող է պատճառ դառնալ Հայաստանին որակազրկելու կամ հետագայում մասնակցությունը շարունակելը թույլ չտալու համար:
«Հայաստանը պարզապես ցանկանում է խաղաղություն սահմաններում»,- ասել է 29-ամյա գեղեցկուհի Մուկուչյանը կիսաեզրափակչում հաղթողների մամուլի ասուլիսում, երբ լրագրողը հարցրել է նրան Լեռնային Ղարաբաղի դրոշը պարզելու մասին:
«Իմ սիրտը, իմ մտքերն ու զգացմունքները իմ հայրենիքի հետ են: Ես միայն ուզում եմ խաղաղություն սահմաններում: Հայաստանը պարզապես խաղաղություն է ուզում: Ահա թե ինչու եմ գրել այս երգը: Ես միայն ուզում եմ սեր սփռել»,- հավելել է Մուկուչյանը:
Հայաստանի և Ադրբեջանի մասնակիցները, ի թիվս այն մասնակիցների, անցել են «Եվրատեսիլի» եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա շաբաթ օրը: Մուկուչյանը հանդես կգա մեծ եզրափակչի երկրորդ մասում, որտեղ ռուսաստանցի մասնակից Սերգեյ Լազարևը շարունակում է բուքմեյքերների կողմից դիտվել որպես ֆավորիտ: