
Միջազգային միջնորդները կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին դարձյալ հանդիպել` քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարված իրավիճակը թուլացնելու ուղիները:
Հինգշաբթի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայից տարածած հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստանի Դաշնություն), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) վերահաստատել են ձգձգվող հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց լիակատար հանձնառությունը:
«Վերջին բռնությունների ֆոնին ու շփման գծում լարվածությունը անհապաղ նվազեցնելու անհրաժեշտությունից ելնելով՝ ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն:
Մեր արտաքին գործերի նախարարները պատրաստ են կազմակերպել այդ հանդիպումը հաջորդ շաբաթ Վիեննայում: Նրանց հիմնական նպատակը կլինի ամրապնդել հրադադարի ռեժիմը և համաձայնություն ձեռք բերել վստահության կառուցման գործում, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի հիմնարար սկզբունքների և տարրերի հիման վրա համապարփակ կարգավորման բանակցությունների վերսկսման համար»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շեշտել են, որ «բանակցությունները չեն կարող հաջողությամբ պսակվել, եթե բռնությունները շարունակվեն, և խաղաղություն չի հաստատվի առանց բանակցային պրոցեսի»: «Մենք վերահաստատում ենք, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- հայտարարել են նրանք` ըստ ԵԱՀԿ պաշտոնական կայքի մեջբերման:
Ապրիլի սկզբին` 1994 թ. կնքված զինադադարի պայմանագրից հետո Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով աննախադեպ ռազմական գործողությունների հետևանքով հայկական ու ադրբեջանական կողմից մի քանի տասնյակ զինծառայողներ զոհվեցին և շատ ավելին վիրավորվեցին:
Չնայած ապրիլի 5-ին կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությանը` հակամարտության գոտում անկանոն կրակոցների հետևանքով շարունակում են նոր զոհեր լինել:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերջին անգամ հանդիպել են դեկտեմբերին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպումը բանակցություններում էական առաջընթաց չգրանցեց, ինչպես նաև հանգստություն չբերեց Ղարաբաղին: