Ղարաբաղ. հայ զինծառայող է զոհվել ԵԱՀԿ առաքելության դիտարկումից ժամեր անց

Photo: Photolure

Հայ զինծառայող է զոհվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունը նորից խախտելու հետևանքով, որը, ինչպես հաղորդվել է, տեղի է ունեցել միջազգային միջնորդների կողմից «շփման գծի ուժեղացված դիտարկում» անցկացնելուց մի քանի ժամ անց:

Ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության` 20-ամյա Արմեն Մարտիրոսյանը մահացու վիրավորում է ստացել մայիսի 11-ին` ժամը 20:00-ի սահմաններում, պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:

Նախարարությունը նշել է, որ Ադրբեջանը մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը խախտել է ապրիլի 5-ին ձեռք բերված կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը:

«Մայիսի 11-ի ժամը 19:30-ից սկսած հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, նռնականետներից և ականանետներից խախտել է կրակի դադարեցման մասին կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունը, որը շարունակվել է նաև մայիսի լույս 12-ի գիշերը»,- ասել է Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է»:

Ավելի վաղ` մայիսի 11-ին, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ուժեղացված դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիսարևմտյան ուղղությամբ: Ի դեպ, այս շրջանը ապրիլի 2-5-ը հայկական և ադրբեջանական կողմից մի քանի տասնյակ զոհերի հանգեցրած ռազմական գործողությունների ընթացքում ամենաթեժ կետերից մեկն էր: Իրավիճակը Թալիշի ուղղությամբի շարունակում է լարված մնալ նաև ռազմական գործողությունների ավարտից հետո, որտեղ անկանոն հնչող կրակոցների հետևանքով նոր զոհեր են լինում:

Այսօր Հայաստանի պաշտպանության նախարարությունը տարածած հաղորդագրության մեջ դատապարտել է վերջին մահացու միջադեպը Ղարաբաղում, որը տեղի է ունեցել նույն օրը ԵԱՀԿ առաքելության կողմից իրականացված դիտարկումից ընդամենը ժամեր անց, ինչը վկայում է, որ «ադրբեջանական կողմն արհամարում է ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերը»: Այն ասել է, որ «սա «հերթական անգամ փաստում միջադեպերի հետաքննության մեխանիզմների շուտափույթ ներդրման անհրաժեշտությունը»: