ՇԱԳԱՄ-ն ուզում է, որ ՊՆ-ն «հարյուրավոր» կամավորների համար կազմակերպի վարժանքներ

Photo: Photolure

Հայրենիքի պաշտպանության կամավորների ցուցակագրում կազմակերպելու վերաբերյալ «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» (ՇԱԳԱՄ) հասարակական կազմակերպության նախաձեռնությանը միացել են մի քանի հարյուր կամավորներ, որոնց մեջ կան նաև դատապարտյալներ, ում ընկերները համարում են քաղբանտարկյալներ:

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ՀԿ վարչության անդամ Սերոբ Ղազարյանի կարծիքով` ապրիլի սկզբին կամավորների նման անպատրաստ ձևով մեկնումը առաջնագիծ անթույլատրելի էր:

«Ժամանակները փոխվել են`1994 թվականի պատերազմից հետո մեծ ժամանակ է անցել, փոխվել է ռազմական տեխնիկան, զինամթերքը, պատերազմ վարելու տակտիկան, և այն մարդիկ, որ քառօրյա պատերազմին գնացին` կանգնեցին անտեղյակության առաջ»,- հինգշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Ըստ նրա` մինչև առաջնագիծ գնալը մարդիկ պարտավոր են անցնել համապատասխան վարժանքների շրջան, վերհիշել իրենց ծառայությունը, ծանոթանալ նոր զինատեսակներին, մարտավարությանը և դրանից հետո միայն մեկնել ռազմաճակատ:

«Արդեն մի քանի հարյուր մարդիկ ցանկություն են հայտնել և ցուցակագրվել են ՇԱԳԱՄ-ին: Կամավորներ ունենք Հայաստանից, Ղարաբաղից, Եվրոպայից, Ռուսաստանից, Վրաստանից, Միացյալ Նահանգներից, Բեյրութից և Թուրքիայից: Այս ցուցակի մեջ կանայք կազմում են 15 տոկոս, մինչև 30 տարեկանները` 20, մինչև 50 տարեկանները` 50 և 50-ից բարձր տարիքայինները` 30 տոկոս»,- նշեց նա:

Նրա խոսքով` պատրաստվում են դիմելու պաշտպանության նախարարություն, որպեսզի այս մարդկանց հետ անցկացնեն զորավարժանքներ, կազմվեն ստորաբաժանումներ, նշանակվեն հրամանատարներ, և դրանից հետո միայն մեկնեն համապատասխան վայր` սահմաններին իրենց ծառայությունն անցկացնելու համար:

Հարկ է նշել, որ ՇԱԳԱՄ-ին միացել են նաև պահեստազորի գնդապետ, Արցախյան պատերազմի հայտնի դաշտային հրամանատար, այժմ ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը և Հայկ Կյուրեղյանը: