ՊՆ խոսնակ. առաջնագծում դիրքային փոփոխությունների քննարկումը «տեղին չէ»

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղին չի համարել Լեռնային Ղարաբաղի շփման գծում «դիրքային փոփոխությունների» շուրջ ծավալվող քննարկումները:

Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների հետ ուրբաթ կայացած հանդիպմանը պաշտոնյան նշել է, որ խոսքը չի վերաբերում նման տեղեկատվության գաղտնիությանը, այլ որ նման հարցերը մանրամասն քննարկել չի կարելի, քանի որ ռազմական գործողությունները շարունակվում են` հաղորդել է «Նովոստի-Արմենիա» կայքը:

Ավելի վաղ կոշտ ընդդիմադիր կեցվածք ունեցող որոշ ուժերի ներկայացուցիչներ մեղադրել են Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը Ղարաբաղում ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրած տարածքների մասին իրական տեղեկատվությունը թաքցնելու մեջ:

Նրանցից մեկը` 1992-1994 թթ. Ղարաբաղյան պատերազմի մասնակից Ժիրայր Սեֆիլյանը, մասնավորապես, հինգշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պնդել է, որ հայկական կողմը կորցրել «7 միլիոն քառակուսի մետր» (7 քառակուսի կիլոմետր):

Պնդումներ կան նաև, որ ապրիլի 2-5-ի ռազմական գործողությունների ժամանակ, մասնավորապես Թալիշի ուղղությամբ, ադրբեջանական կողմին հաջողվել է վերցնել որոշակի «գերիշխող» դիրքեր: ՊՆ խոսնակը, սակայն, հերքել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտվող Թալիշի նկատմամբ «գերիշխող» դիրքերի առկայության մասին բոլոր պնդումները:

Մինչդեռ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ: Ըստ ԼՂՀ ՊՆ-ի` հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով 60 (53 արկ), 82 (142 արկ) միլիմետրանոց ականանետներ, ՀԱՆ-17 (30 արկ) ու ՌՊԳ-7 (2 արկ) տիպի նռնականետներ և ԶՈՒ-23-2 տիպի զենիթային կայանք (30 կրակոց):

«Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային ծանր վիրավորում է ստացել զինծառայող, 1995 թ. ծնված Հովհաննես Էդուարդի Պողոսյանը»,- ասված է ԼՂՀ ՊՆ մամուլի հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության` ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: